Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սկսեց ոսկու արտահանումը


Ադրբեջանը սկսել է ոսկու արտահանումը: Համապատասխան արձանագրությունը այսօր Բաքվում ստորագրել են Ադրբեջանի կառավարությունը եւ այդ երկրում ոսկու հանքերը մշակող ամերիկյան Investment Group ընկերությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` արձանագրությամբ նախատեսվում է Ադրբեջանում արդյունահանվող ոսկին աֆինաժի (զտման) նպատակով արտահանել Շվեյցարիա:

Investment Group-ի հիմնադիր եւ նախագահ Ռեզա Վեզիրին լրագրողներին հայտնել է, որ երկու-երեք օրվա ընթացքում Շվեյցարիա կարտահանվի 1200 տրոյական ունցիա ոսկի, որը այնուհետեւ վաճառքի կհանվի միջազգային շուկայում` միջազգային գներով: Օգոստոսին, ըստ նրա, արտահանումը կկազմի 2 հազար ունցիա, իսկ սկսած սեպտեմբերից` ամսական 4-4,5 հազար ունցիա:

Investment Group-ը 1997 թվականին պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ ոսկու 9 հանքերի մշակման վերաբերյալ: Պայմանագրով Ադրբեջանին նախագծում պատկանում է բաժնեմասային մասնակցության 51, ամերիկյան ընկերությանը` 49 տոկոսը:

Այս տարվա մայիսին Ադրբեջանում շահագործման է հանձնվել ոսկու հանքանյութի մշակման առաջին գործարանը երկրում: Այն գործում է Կեդաբեկի շրջանում, որտեղ դեռ խորհրդային շրջանում ոսկու հանք էր հայտնաբերվել:

Ադրբեջանցի երկրաբանների գնահատականներով` Կեդաբեկի հանքի պաշարները կազմում եմ 22 տոննա ոսկի, 192 տոննա արծաթ եւ 37 հազար տոննա պղինձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG