Մատչելիության հղումներ

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին 130 միլիոն եվրոյի վարկեր եւ դրամաշնորհներ կհատկացնի


Առաջիկա երկու տարիների ընթացքում Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին մոտ 130 միլիոն եվրո վարկային եւ դրամաշնորհային գումարներ կհատկացվեն:

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել եւ արձանագրություն է ստորագրվել ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ - գերմանական միջկառավարական հանձնաժողովի` հուլիսի 15-16-ը Բոննում կայացած բանակցությունների արդյունքում, որին Հայաստանից մասնակցել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` բանակցությունների շրջանակներում քննարկվել են կայուն տնտեսական զարգացմանը, էներգետիկային եւ շրջակա միջավայրին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ ապակենտրոնացման, ժողովրդավարության եւ համայնքային զարգացման թեմաներին վերաբերող հարցեր:

Հայաստանի պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված էին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ այլ պաշտոնյաներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, հայ - գերմանական ֆինանսատնտեսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական եւ մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում եւ ջրահեռացում: Փոքրածավալ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում նաեւ առողջապահության եւ բնապահպանության ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG