Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «Զարուհի Փոստանջյանի շուրջ աղմուկը արհեստական է»


Զարուհի Փոստանջյան եւ Արմեն Մարտիրոսյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունում խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի շուրջ ստեղծված աղմուկը կապում է ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւի` իշխանական օղակներում առաջացրած «անհանգստության» հետ:

Փոստանջյանի գործընկերը նրա արարքի մեջ ոչ հայրենասիրական դրսեւորում չի տեսնում եւ ստեղծված աղմուկն արհեստական է համարում:

«Սա կենտրոնացված հրահանգ է եղել, եւ իշխանությունների ամենաբարձր մակարդակով իջեցված հրահանգ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմեն Մարտիրոսյանը:

ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող բանաձեւի քվեարկությունից հետո Զարուհի Փոստանջյանի կազմակերպած ստորագրահավաքին, որի կետերից մեկը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով դեռեւս անազատության մեջ գտնվող անձանց, այդ թվում Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի ազատ արձակման հարցին էր վերաբերում, միացել էին նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ Գյուլթաքին Հաջիեւան եւ Թուրքիայի պատվիրակ Էրոլ Ասլան Չեբեչին, ինչը առաջին նման դեպքն է:

Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ Փոստանջյանի քայլը թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներից ստորագրություն ստանալու համար դատապարտելի չէ, դա ընդամենը ընթացակարգային հարց է եղել` պետք էր ստանալ 5 ստորագրություն հարցը քննարկման դնելու համար:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի համոզմամբ` անցած շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած 1677 բանաձեւը խիստ բովանդակություն ունի, ինչը անհանգստություն է առաջացրել իշխանական օղակներում:

«Ի վերջո, Հայաստանը մնաց մոնիտորինգի տակ, եւ իշխանության պատվիրակների ջանքերը «Ա1+»-ի հարցը բանաձեւից հանելու ուղղությամբ ապարդյուն անցան», - ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը` պնդելով, որ Զարուհի Փոստանջյանի շուրջ ստեղծված աղմուկը հանրության ուշադրությունը ԵԽԽՎ-ի բանաձեւից շեղելու նպատակ ունի:

«Ադրբեջանցի պատգամավորը եւ թուրք պատգամավորը եթե միանում են Զարուհի Փոստանջյանի առաջարկությանը, որպեսզի Սասուն Միքայելյանը կամ մնացած ազատամարտիկները, Արցախյան ազատամարտի մասնակիցները ազատ արձակվեն ... Զարուհի Փոստանջյանը դիմել է մեր պատվիրակներին, որպեսզի նրանք միանան իր առաջարկներին, ինչը նրանք մերժել են: Այսինքն` իրենք դեմ են, որպեսզի տաս անմեղ զոհերի մահվան հանգամանքները բացահայտվեն, կամ, ասենք, քաղբանտարկյալները բանտից ազատվեն», - նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Արմեն Մարտիրոսյանը, իր հերթին, կասկածի տակ է առնում իշխանության ներկայացուցիչների` միջազգային ատյաններում կատարած քվեարկությունները. - «Մոնիտորինգի հանձնաժողովի այն բանաձեւի օգտին է [ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիկարության ղեկավար] Դավիթ Հարությունյանը քվեարկում, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը չի կարող լինել ժողովրդավարական երկիր, քանի դեռ իր տարածքները օկուպացված են. այսինքն, հարց` Լեռնային Ղարաբաղը օկուպացված տարա՞ծք է: Կամ [հանրապետական պատգամավոր] Գագիկ Մինասյանը Սեւծովյան տնտեսական վեհաժողովում ադրբեջանական առաջարկի կողմ է քվեարկում, ըստ որի` հետխորհրդային հակամարտությունները մեր տարածաշրջանում սեպարատիստական դրսեւորումների պատճառով են. այսինքն, հարց` Լեռնային Ղարաբաղում պայքարը անջատողակա՞ն պայքար է եւ էքստրեմիստակա՞ն: Կամ, ասենք, [«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր] Նաիրա Զոհրաբյանը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման եւ հայրենասիրության մասին է խոսում այն դեպքում, երբ, ասենք, ինքը դեմ էր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը [«Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովի] օրակարգում ներառելուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG