Մատչելիության հղումներ

Դատախազություն. «Ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգը չի հիմնավորվել»


Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Նոր Նորքում բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսից այսօր ստացված ահազանգը «չի հիմնավորվել. փաստ չի տրամադրվել»:

«Հայ ազգային կոնգրեսը մայիսի 31-ին հաղորդագրություն է տարածել, թե Հայ ազգային կոնգրեսի Նոր Նորքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ականատես է եղել ընտրակաշառքի բաժանմանը, լուսանկարել այն եւ զանգահարել է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանել է ՀԱԿ-ի շտաբ, գրանցել խախտումը եւ անցկացրել հարցաքննություն: Տեղեկացնում ենք, որ տարածված տեղեկատվությունը լիարժեք չէ. Նման ահազանգ իրոք ոստիկանությունում ստացվել է, սակայն չի հիմնավորվել, որեւէ փաստ ոստիկանությանը չի տրամադրվել եւ խախտում որպես այդպիսիք չի գրանցվել», - ասված է դատախազության հաղորդագրությունում: - «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ավագանու ընտրությունների թեկնածու Հրաչյա Աղաբեկյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2009 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 20:30-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում իրեն զանգահարել են անհայտ քաղաքացիներ, որոնք չեն ներկայացել եւ հայտնել են վերը նշվածի մասին: Միաժամանակ նշել է, որ նշված փաստը իր կողմից չի ստուգվել եւ ինքը ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել քաղաքացիների ահազանգերի հիման վրա»:

Դատախազության փոխանցմամբ` դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, կատարվում է հետաքննություն:
XS
SM
MD
LG