Մատչելիության հղումներ

Freedom House. «Մայիսի 31-ի ընտրությունը վստահության վերականգնման հնարավորություն է»


Կազմակերպությունը նշում է, որ այս քվեարկությունը լինելու է առաջին նշանակալից բազմակուսակցական ընտրությունը նախորդ տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, որտեղ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը:

«Ընտրությունների արդյունքը առաջ բերեց քվեների կեղծման վերաբերյալ մեղադրանքներ եւ բախումներ ոստիկանության եւ ընդդիմության միջեւ, որոնք մահացու ելք ունեցան», - հիշեցնում է Freedom House-ը եւ հավելում. - «Իշխանությունները կալանավորեցին ավելի քան 100 մարդու եւ երեք շաբաթով արտակարգ դրություն հայտարարեցին»:

«Երեւանի ավագանու ընտրությունները կարեւոր հնարավորություն են տալիս վերականգնել քաղաքացիների վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, եւ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել», - հայտարարել է Freedom House-ի Եվրոպայի բաժնի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովը:

Փաստելով, որ կիրակի օրվա ընտրություններում` Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ, Երեւանի քաղաքապետը կընտրվի քվեարկությամբ եւ ոչ թե կնշանակվի նախագահի կողմից, հեղինակավոր կազմակերպությունը ընդգծում է. - «Այս ընտրություններին ուշադրությամբ հետեւելու է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, որը սառեցրել է Հայաստանին հատկացվելիք 236 միլիոն դոլարի օգնության մի մասը` անցած տարվա ընտրություններից հետո, եւ ներկայումս հետեւում է` արդյոք «ժողովրդավարական կառավարման» վիճակը երկրում բարելավվե՞լ է»:
XS
SM
MD
LG