Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը ընդունել է Սերգեյ Իվանովին


Վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությանը:

Իվանովը ցավակցություն է հայտնել «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարի կապակցությամբ եւ պատրաստակամություն` հայկական կողմին ցուցաբերելու հնարավոր աջակցություն:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործակցության բարձր մակարդակի առթիվ եւ նշել, որ հայ - ռուսական հարաբերություններում չկա մի ոլորտ, որտեղ չիրականացվեն համատեղ նախագծեր: Հայաստանում գործում է հազարից ավելի համատեղ դրամագլխով ձեռնարկություն, եւ Հայաստանի կառավարությունը, վարչապետի հավաստմամբ, պատրաստակամ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավորինս աջակցել դրանց:

Քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի բնագավառների, ինչպես նաեւ պետական պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների գործունեությանն առնչվող, մասնավորապես` Կովկաս-Փոթի-Կովկաս երկաթուղային-լաստանավային եւ Նովոռոսիյսկ-Փոթի-Նովոռոսիյսկ ավտոմոբիլային - լաստանավային երթուղիների, Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանը փոխանցված Հայաստանի երկաթուղային ցանցի հետ կապված հարցեր:

Տիգրան Սարգսյանը կարեւորել է «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված արդյունաբերական եւ գիտական ձեռնարկությունների տարածքում տնտեսական գոտիների ստեղծման գործընթացն արագացնելու խնդիրը:

Սերգեյ Իվանովը ասել է, որ այն ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է եւ առաջիկայում լուծում կստանա:

Կողմերը խոսել են 2014թվականին Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստման շրջանակում նախատեսվող շինարարական աշխատանքներին Հայաստանի մասնակցության, մասնավորապես` շինանյութերի մատակարարման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG