Մատչելիության հղումներ

Հայ - թուրքական մերձեցման թեմայով հոդվածաշար` «Հյուրիեթ»-ում


Թուրքական «Հյուրիեթ» թերթը հոդվածաշար է հրապարակել` ներկայացնելով հայ - թուրքական մերձեցման եւ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ տեսակետները Երեւանում, Կարսում եւ Բաքվում:

Երեւանի թղթակիցը գրում է, թե Հայաստանում այլեւս լռության են մատնվել խոսակցությունները մինչեւ ապրիլի 24-ը հայ - թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ: Փոխարենը, ըստ թուրքական թերթի լրագրողի, «ուժի մեջ է մնում լավատեսությունը, որ առաջընթաց, այդուամենայնիվ, կարող է արձանագրվել 2009 թվականի ընթացքում»: Թերթի հավաստմամբ՝ հենց այս խնդրի շուրջ բանակցելու նպատակով ԱՄՆ-ի վարչակազմը տարածաշրջան է գործուղել փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային, ով պաշտոնական Բաքվի եւ Երեւանի հետ բանակցություններից հետո այսօր էլ ժամանել է Անկարա: «Բրայզան այժմ էլ հայտարարում է, թե սահմանը կարող է բացվել հունիսին», - գրում է «Հյուրիեթ»-ը եւ ընդգծում, որ նման լավատեսական հայտարարություններ նախկինում էլ են հնչել, արդյունքներ, սակայն, այդպես էլ չեն արձանագրվել: Թերթը, մասնավորապես, մեջբերում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերը. - «Ես հիշում եմ իմ առաջին հանդիպումը Գյուլի հետ: «Արդարություն եւ զարգացում» կուսակացությունը նոր էր եկել իշխանության, եւ Գյուլն ինձ ասաց, թե իրենք ուզում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ որ Թուրքիան չի շահում այդ հարցը Ղարաբաղյան խնդրին շաղկապելուց: Սակայն երբ Անկարան հասկացավ, որ չեն կարող անտեսել Ադրբեջանի ճնշումները, Ղարաբաղյան հարցը կրկին դարձավ հայ - թուրքական բանակցությունների մի մասը, ապա` հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը»: Ապա Օսկանյանը կարծիք է հայտնել, թե այժմ էլ նույն պատմությունն է կրկնվում:

Բաքվի թղթակիցը գրում է, թե Հայաստանն ու Թուրքիան երբեք այսքան մոտ չեն եղել հարաբերությունների կարգավորմանը, եւ զուգահեռաբար` Թուրքիան եւ Ադրբեջանն էլ երբեք այսքան մոտ չեն եղել իրենց հարաբերությունների վատացմանը: «Ամենեւին էլ պատահական չէր, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այցելել Թուրքիա, փոխարենը մեկնեց Մոսկվա եւ հայտարարեց, թե Ռուսաստանն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է», - գրում է հոդվածագիրը եւ ընդգծում. - «Թեեւ Անկարայի վերջին հայտարարությունները, թե հաշտեցումը տեղի չի ունենա, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հարցը, փոքր-ինչ հանգստացրել են Ադրբեջանին, այդուամենայնիվ, ամեն ինչ առաջվա պես չէ. հարաբերություններում դառնությունը շարունակում է զգացվել»:

Կարսի լրագրողը ներկայացնում է, թե որքան է տուժում նահանգը փակ սահմանների եւ առեւտրի բացակայության պատճառով: «Եթե առեւտուրը կյանք է, ապա հեշտորեն կարելի է ասել, որ այս նահանգը օրեցօր կորցնում է ապրելու իր կարողությունը», - գրում է հոդվածագիրը եւ փաստում. - «Վատթարացող կենսապայմանները, կոռումպացված տնտեսություն ու արտագաղթը Կարսի բնակիչներին ստիպում են մտածել, թե իրականում հենց իրենք են պատժվել հայ - թուրքական տարաձայնությունների պատճառով»: Բնակիչները օրինակ են բերում հարեւան Իգդիրն ու Նախիջեւանը, որոնք բաց սահմանների եւ աշխույժ առեւտրի արդյունքում բարգավաճում են, մինչդեռ Կարսում, ըստ պաշտոնյաների,ավելի քան 40 գործարաններից միայն 18-ն է աշխատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG