Մատչելիության հղումներ

Ապրիլի 8-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնը երեկ կեսօրին վերածվել էր երեւանյան մարտի 1-ի հրապարակի, սակայն հակաիշխանական բողոքի ակցիաները բավականին հետարքրքիր զարգացում ունեցան. ցուցարարները գրավեցին նախագահի նստավայրն ու խորհրդարանը, տեղի ունեցան ոստիկանություն-երիտասարդ անարխիստներ լուրջ բախումներ, բայց ոչ մի զոհի մասին տեղեկություն` համենայնդեպս ուշ գիշերվա դրությամբ, չհրապարակվեց»:

«Հայկական ժամանակ»-ը մատնանշում է ընդդիմադիր երկու ուժերի` Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջիկա համագործակցության հնարավորությունը: Թերթի խմբագրականում կարդում ենք. - «Չնայած «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց հրաժարվեց` դա պատճառաբանելով ընդդիմության ձայները չկիսելու նպատակով, այսուհանդերձ, հավելյալ պարզաբանման կարիք է զգում հետեւյալ հարցը` արդյո՞ք «Ժառանգությունը» ամբողջական, արմատական իշխանափոխությունը այսօր դիտում է որպես օրախնդիր: Եթե այսպես է, նշանակում է` Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» հարաբերությունները առաջիկայում մերձեցման քաղաքական շատ լուրջ նախադրյալ ունեն, որովհետեւ, եթե երկու ուժերը երկրում առկա ճգնաժամը հաղթահարելու նույն ճանապարհն են պատկերացնում, ուրեմն իրար հետ պետք է անցնեն այդ ճանապարհը, եւ ոչ թե` իրարից առաջ կամ հետո: Սա է տրամաբանությունը: Այս իմաստով, այն ափսոսանքը, որ երկու կողմերում առաջացավ Երեւանի քաղաքապետի ընտրությունների միասնական ցուցակ ձեւավորելու գործի ձախողման կապակցությամբ, կարող է փարատվել առաջիկա համագործակցության շնորհիվ: Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ Երեւանի կառավարումը Հայաստանի կեսի կառավարումն է, եւ այս հսկայական օրգանիզմում անելիք կգտնվի ընդդիմության բոլոր հատվածների համար»:

«Առավոտ» օրաթերթը «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՕԵԿ-ի ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանին, մասնավորապես, այսպիսի հարց է ուղղել. - ««Օրինաց երկիրը» ինչպե՞ս է պատրաստվում անցկացնել իր քարոզարշավը, դուք ե՞ւս նախընտրական փուլում Դաշնակցության պես դառնալու եք ընդդիմադիր»: Հեղինե Բիշարյանի պատասխանը. - «Անկեղծ ասած, դուք այդ հարցը տալիս եք մի մարդու, ով անկախ նրանից` իշխանություն է, թե ընդդիմություն, միշտ հարցերը բարձրացնում է ուղիղ: Ինձ համար այդպիսի խնդիր չկա` ես իշխանությա՞ն մեջ եմ, թե՞ ընդդիմության: Ես վստահ եմ, որ ուժը ճշմարտախոսության մեջ է: Ճշմարտությունը ամենահզոր զենքն է, եւ ես իմ տեսակով պարզապես չեմ կարող ճշմարիտ չլինել, ես միշտ խոսում եմ ճշմարտության դիրքերից: Եթե կան թերություններ, եկեք դրանք չթաքցնենք, ընդհակառակը` միասին, համատեղ պայքարենք այդ թերությունները վերացնելու համար: Այս առումով պետք է ճիշտ ընկալել մարդկանց, ես չեմ ընդունում կեղծ ընդդիմադիր խաղերը, բայց եթե կան խնդիրներ, դրանք պետք է բարձրացնել: Ի՞նչ է եղել, եթե իշխանության մեջ ենք, մենք իրավունք չունե՞նք խոսել թերություններից ու խնդիրներից, որոնք կան: Մենք իշխանության մաս ենք կազմել, կոալիցիայի անդամ ենք դարձել հենց այդ թերությունների վերացման համար»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը հիշեցնում է անցած հոկտեմբերին Սերժ Սարգսյանի արած հետեւյալ հայտարարությունը. - «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ. ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել»: Այնուհետեւ, թերթը մեկնաբանում է. - «Նախագահի կողմից այս հստակ դիրքորոշումն արտահայտելուց հետո, ցավոք, արձանագրվել են դեպքեր, նաեւ վերջին օրերին, որոնք վկայում են՝ հորդորը բոլորի գիտակցությանը դեռ չի հասել։ Իսկ դա նշանակում է, որ «տեսանելի հետեւանքը», տվյալ պարագայում՝ կարգազանցի պատասխանատվությունն օրենքի առաջ պետք է անխուսափելի լինի։ Ծանոթ լինելով Սերժ Սարգսյան պետական գործչի ոճին, պետք է ենթադրել, որ նաեւ այս հարցում նա իր խոսքը «կասի» կոնկրետ գործով ու արդյունքներով։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ հասարակության ներսում արդարության անհրաժեշտ հաշվեկշռի պահպանմանը նպատակաուղղված հենց նման քայլերն են, որ թույլ կտան արագորեն քանդել «չհասկացվածության պատը»»:

«Հայք» թերթը զուգահեռներ է անցկացնում մոլդովական եւ հայկական իրականությունների միջեւ: Թերթի խմբագրականում կարդում ենք. - «Երեկ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Մոլդովային` Ուկրաինայի եւ Ռումինիայի միջեւ գտնվող, Հայաստանի չափ տարածք զբաղեցնող Մոլդովայի վրա: Ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ, պահանջելով վերանայել կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքները, դուրս են եկել մայրաքաղաք Քիշնեւի փողոցներ, գրոհել եւ գրավել խորհրդարանի շենքն ու նախագահի նստավայրը: Ցուցարարները պնդում են, որ կոմունիստները հաղթանակի են հասել ընտրակեղծիքների միջոցով: Իսկ խորհրդարանի շենքում եւ նախագահականում հայտնված շատ ցուցարարներ, արտահայտելով իրենց վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ, այրել են պատուհանները, կահույքը եւ ջարդուփշուր արել համակարգիչները»: Այնուհետեւ թերթը բխեցնում է. - «Անկասկած, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը չեն հասկանա Մոլդովայի իշխանություններին: Չեն հասկանա, թե ինչու Մոլդովայի իշխանություններն արտակարգ դրություն չմտցրեցին եւ չկրակեցին ու չսպանեցին խորհրդարանի եւ նախագահի շենքերի վրա գրոհող ցուցարարներին, իսկ հետո էլ չսկսեցին ձերբակալել ընդդիմության առաջնորդներին: Իհարկե, եթե հավատանք Մոլդովայի ընդդիմադիր գործիչներին, ապա կարող ենք եզրակացնել, որ Մոլդովայի իշխանությունները վատն են եւ ցանկացել են ընտրակեղծիքների միջոցով պահպանել իրենց իշխանությունը, բայց վստահաբար կարող ենք նաեւ ասել, որ Մոլդովան զերծ է մնացել թաթար-մոնղոլական տիպի ավազակապետությունից»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG