Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ի մեկնաբանը, վերլուծելով Երեւանի ավագանու ընտրություններին նախորդած իրադարձությունները, գրում է. - «Վերջապես մեր քաղաքականների կրծքից կախված ծանր քարն ընկավ, մի մրցակցի` «Ժառանգությանը», շարքից հանեցին հենց ամենասկզբում, իսկ, նկատենք, դրա համար ջանում էին բոլորը` ընդդիմություն, իշխանություն, լրատվամիջոցներ: Բայց սա մակերեսն է, իրականում կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում մերկացնել իրենց ողջ զինանոցը` գաղտնազերծվել փաստորեն, քանի որ այլեւս թաքցնելու բան չկա` կոալիցիան միակ, անկրկնելի, աննման ընդդիմության հետ է կռիվ անելու ու ճակատ-ճակատ տալու, մինչդեռ «Ժառանգության» մասնակցությունը փաստորեն կարող էր երկու կողմին էլ օգնել` թաքցնելու ուղղագիծ հակաքարոզչությունը եւ մի փոքր խուճուճ քարոզչություն տանելու»:

Ընդգծելով ավելի քան մեկ տարի երկրում քաղբանտարկյալների առկայության անհանդուրժելիությունը` «Հրապարակ» թերթի խմբագրականը նշում է. - «Մի իշխանություն, որ սադիզմով ու խոշտանգումներով, բանտով ու քրեական մեղադրանքներով է փորձում լուծել իր հակառակորդների հարցը, հույսը դնում է նրանց բարոյալքման ու վատառողջության վրա: Որ չի ամաչում ո’չ եվրոպաներից, ո’չ սեփական հասարակությունից: Չի փորձում գոնե արտաքուստ պահպանել դեմոկրատիայի ու մարդասիրության նորմերը` չի կարող արժանանալ հարգանքի: Նման իշխանության հետ համագործակցելուց կհրաժարվեն ոչ միայն օտարները, այլեւս սեփական ժողովուրդը: Նման իշխանության նկատմամբ հասարակությունը բացառապես արհամարհանք ու դժգոհություն կարող է ունենալ: Այս պարագայում դժվար է սպասել, որ հասարակությունը կաջակցի ու կպաշտպանի իշխանության ցանկացած ձեռնարկ` լինի դա ընտրություն, թե համաքաղաքային շաբաթօրյակ»:

Գնահատելով «Ժառանգություն» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի փոխհարաբերությունները` «Հայոց Աշխարհ» թերթը պատկերավորում է. - «Փոխհարաբերությունները հայրենի ընդդիմության ճամբարում ամենից շատ հիշեցնում են անտիկ թատրոն։ Հին Հունաստանում Եվրիպիդեսի ներկայացումը դիտելու եկած հանդիսատեսները ծանոթ էին առասպելին, որի հիման վրա խաղացվում էր ներկայացումը. նրանց հետաքրքրում էր ոչ այնքան սյուժեն, որքան կոնկրետ մարմնավորումը։ Մենք թեեւ հելլեններ չենք, բայց նույնպես տեղյակ ենք առասպելներին։ Այդ առասպելներից մեկն ասում է, որ Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» բարեկամությունը կարելի է արտահայտել միայն Մարքսի ու Էնգելսի ընկերության մասին Լենինի խոսքերով. «Այդ հարաբերությունները գերազանցում են մարդկային ընկերության մասին անցյալի բոլոր ամենասրտահույզ ասքերը»։ Սակայն առասպելը հենց նրա համար էլ կոչվում է առասպել, որ հորինվածք է, երեւակայության արգասիք, հեքիաթ։ Իրականում ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» տարաձայնություններն ունեն քրոնիկական դառնալու բոլոր հնարավորությունները, ինչպես արաբ-իսրայելական հակամարտությունը»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրն անդրադարձել է Գագիկ Ջհանգիրյանի դատավճռին. - «Հետաքրքիր է` Հայաստանի հանրությունը խորությամբ զգա՞ց, թե ինչ կատարվեց նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որտեղ Ժորա Վարդանյանը հրապարակեց Գագիկ Ջհանգիրյանին երեք տարվա ազատազրկման դատապարտելու` Սերժ Սարգսյանի արտակարգ դատավճիռը: Եթե դուք մտածում եք, որ սա հերթական անարդար դատավճիռն է, սխալվում եք, սա «հեղափոխական» նշանակություն ունեցող վճիռ է, մի նոր ալգորիթմ` դատելու համար Հայաստանի Հանրապետության ուզածդ քաղաքացու: Հենց դուք, սիրելի ընթերցող, որ հիմա կարդում եք այս նյութը, կարող եք դատվել նույն կերպ: Դուրս նայեք պատուհանից. եթե դուք որեւէ մեկի տեսնում եք` ահա այդ մարդը, որին տեսնում եք, կարող է նույն կերպ դատապարտվել ոչ միայն երեք, այլեւ դրանից շատ ավելի երկար տարիների ազատազրկման: Դրա համար ընդամենը հարկավոր է, որ մոտակայքում կանգնած ոստիկանը որոշի նրան բերման ենթարկել: Ընդամենը»: Խմբագրի եզրակացությունը հետեւյալն է. - «Այս գործը խորհրդանշում է սերժանտական արդարադատության հսկայական առաջընթացը: Եթե նախկինում որեւէ մարդու գլխին գործ սարքելու համար հարկավոր էր գրպանը թմրանյութ գցել, զենք դնել ավտոմեքենայի կամ ունիտազի բաչոկի մեջ, հիմա բացարձակապես նման հետամնաց միջոցների կարիքը չկա: Հարկավոր է ընդամենը բերման ենթարկել, մնացածը տեխնիկայի գործ է»:

Սոցիալական ցավոտ մի հարցի` հասարակական տրանսպորտի սակագների հավանական բարձրացմանն է անդրադառնում «Կապիտալ» օրաթերթը` նշելով, սակայն, որ ապրիլի 1-ից թանկացումներ դեռեւս չեն լինի: Թերթում կարդում ենք. - «Կային սպասումներ, որ ապրիլի 1-ից գազի խոշոր սպառողների, այդ թվում՝ ավտոգազալիցքավորման ճնշակային կայանների համար «ՀայՌուսգազարդի» կողմից մատակարարվող գազի շուրջ 40% թանկացումն անխուսափելիորեն հանգեցնելու է միկրոավտոբուսների սակագների բարձրացմանը։ Սակայն այդ սպասումները, բարեբախտաբար, չարդարացան։ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Կապիտալ»-ին տեղեկացրեց, որ միկրոավտոբուսների երթուղիները սպասարկող ընկերությունները դեռեւս չեն դիմել սակագների վերանայման հայտով։ Նա նշեց, որ ընկերությունները դեռեւս չգիտեն, թե «ՀայՌուսգազարդի» կողմից գազի գնի բարձրացման արդյունքում որքանով կբարձրանա սեղմված գազի սակագինը։ Այս պատասխանը չի բացառում, որ հետագայում, այնուամենայնիվ, երթուղային տաքսիների գծատերերը սակագնի վերանայման հայտեր ներկայացնեն։ Քաղաքապետարանի պաշտոնյան կարծում է, որ սեղմված գազի սակագնի բարձրացումը չպետք է էական լինի, այսինքն՝ չի բերի երթուղային տրանսպորտի սակագների վերանայմանը»։


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG