Մատչելիության հղումներ

Հովհաննես Իգիթյանի կարծիքով` առաջիկա ընտրություններում «Ժառանգության» դերը «որոշիչ» կլինի


Մայիսի 31-ին նախանշված Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ընտրացուցակ ներկայացնելու շուրջ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ բանակցությունների արդյունքում «Ժառանգություն»-ը հրաժարվեց ընտրություններին մասնակցությունից: Այդուհանդերձ, ՀԱԿ-ի մաս կազմող Հայոց համազգային շարժման վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ առաջիկա ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության դերը որոշիչ կլինի:

Իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները պնդում են, թե «Ժառանգության»-ը ձայն տալու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները Հայ ազգային կոնգրեսի օգտին չեն քվեարկի, թեեւ երեկ տարածած հայտարարության մեջ «Ժառանգություն»-ը իր ընտրողներին եւ Երեւանի բոլոր քաղաքացիներին կոչ էր արել իրենց ձայնը տալ ընդդիմությանը:

Հովհաննես Իգիթյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում կարծիք հայտնեց, որ կարեւորը «Ժառանգության» պատրաստակամությունն է` հետեւել ընտրական գործընթացներին:

«Չեմ ուզում, որ մենք մոլորության մեջ լինենք եւ մտածենք, որ Հայաստանում ընտրություններ են իրականանում եւ կողմնորոշված մարդիկ գալիս եւ քվեարկում են: Այն, ինչ-որ ցույց տվեցին նախագահական ընտրությունները, որեւէ նշանակություն չունի, թե ով` ում օգտին է ուզում [քվեարկել]: Ի վերջո, ցուցակներով մարդկանց բերում են, կեղծում են եւ վերջում արձանագրություններում գրում են այն, ինչ ուզում են: Մենք «Ժառանգության» հետ պետք է այնպես անենք, որ չկեղծվեն ընտրությունները», - հայտարարեց Իգիթյանը:

«Նույնիսկ նախագահական ընտրություններում, չունենալով իր թեկնածուն, «Ժառանգության» դերը շատ մեծ էր, եւ ես համոզված եմ, որ հիմա էլ «Ժառանգության» հայտարարությունից դա պարզ երեւում է, որ նրանք ակտիվ մասնակցելու են ընտրություններին եւ «Ժառանգության» դերը շատ որոշիչ կլինի, որպես պառլամենտական ընդդիմություն եւ որպես [ընտրական] հանձնաժողովներում անդամ ունեցող ուժ»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG