Մատչելիության հղումներ

Դաշնակցության ցուցակը կգլխավորի Արծվիկ Մինասյանը


ՀՅԴ Գերագույն մարմինն այսօր որոշել է, որ կուսակցության ցուցակը մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում կգլխավորի Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ցուցակն ամբողջությամբ դեռեւս ճշգրտվում է:

«Բնականաբար, կուսակցության որոշում է սա, եւ ես պետք է կատարեմ այդ որոշումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մինասյանը:

Դաշնակցությունը պատրաստ է ներկայացնել Երեւանի զարգացման` իր պատկերացրած ծրագիրը, բայց ընտրությունները, Արծվիկ Մինասյանի խոսքով, նաեւ քաղաքական են:

Հարցին, թե ում է համարում հիմնական մրցակից, նա արձագանքեց, որ բարձր է գնահատում թե’ իշխանության եւ թե’ ընդդիմության ակտիվ մասնակցությունը. - «Բոլոր մրցակիցները մեզ համար ընկալելի են, հասկանալի են, եւ այդ տեսանկյունից մենք որեւէ խնդիր չենք տեսնում: Մենք գնում ենք ընտրություններին` ստանալու այն քվեն, որը կտրվի Հայ հեղափոխական դաշնակցությանը եւ իր նախընտրական ծրագրին, եւ ամենեւին որեւէ մեկին առավելություն կամ նսեմացում չեմ ուզում հայտարարեմ կամ ասեմ»:

Հարկ է նշել նաեւ, որ Արծվիկ Մինասյանին դեռեւս չի հաջողվում ստանալ վերջին երեք տարում Երեւանում մշտական բնակության մասին անհրաժեշտ տեղեկանքը: Անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժել է տրամադրել այն` պատճառաբանելով, որ, թեեւ Երեւանում մշտապես բնակվում է 1994 թվականից, բայց հաշվառում չունի:

Երեկ Մինասյանը հայց է ներկայացրել Արաբկիր համայնքի ընդհանուր իրավասության դատարան:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG