Փոխարտգործնախարար Գիգա Բոկերիան, իր հերթին, նշել է, թե պաշտոնական Թբիլիսին պատրաստ է նաեւ տարանցիկ երկիր դառնալ` Աֆղանստանում տեղակայված կոալիցիոն ուժերին բեռներ հասցնելու համար:
Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Միացյալ Նահանգների ռազմական ոլորտի պաշտոնյաները այս խնդրի շուրջ վերջին շաբաթվա ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ եւ քննարկել են Կովկասյան տարածաշրջանը որպես այլընտրանքային ճանապարհ օգտագործելու հնարավորությունը:
«Ֆրանսպրես»-ը պնդում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում Միացյալ Նահանգների պաշտոնյաները երկօրյա հանդիպումներ են ունեցել: Արդյունքների մասին, սակայն, ոչինչ չի հաղորդվում:
Դեպի Աֆղանստան տանող այլընտրանքային ճանապարհ գտնելու շուրջ Վաշինգտոնի փորձերը ակտիվացան հատկապես վերջին ամիսների ընթացքում, երբ Ղրղըզստանը հայտարարեց Մանասում տեղակայված ամերիկյան ռազմաբազան փակելու մասին եւ չեղյալ հայտարարեց հակաահաբեկչական կոալիցիայի անդամ երկրների հետ կնքված համաձայնագրերը:
Հեղինե Բունիաթյան, Պրահա