Մատչելիության հղումներ

Նովոսիբիրսկի բնակիչը 11 տարվա ազատազրկման դատապարտվեց հայ ուսանողի սպանության համար


Նովոսիբիրսկի Օկտյաբրսկի շրջանի դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել տեղի բնակիչ Ալեքսեյ Կրապիվինին, ով անցած տարվա ամռանը կրակել էր մի խումբ հայաստանցի ուսանողների վրա` սպանելով նրանցից մեկին:

Ինչպես այսօր հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, Կրապիվինը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածով` «սպանություն», եւ պատիժը կկրի խիստ ռեժիմի աշխատանքային գաղութում:

2008 թվականի հուլիսի 29-ի երեկոյան տուն վերադառնալիս Կրապիվինը վեճի մեջ է մտել հայաստանցի ուսանողների հետ, որոնք, նրա պնդմամբ, դաժան ծեծի են ենթարկել իրեն: Դրանից հետո նա գնացել է տուն, վերցրել «Սայգա» հրացանը եւ մի քանի անգամ կրակել երիտասարդների վրա, որոնցից մեկը` իրավաբանական ֆակուլտետի ուսանող, մահացել է:

Սպանված հայաստանցու ինքնությունը «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը չի հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG