Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանում բարձր են գնահատում Լիբանանի հետ հարաբերությունները»


Հայաստանում բարձր են գնահատում Լիբանանի հետ ջերմ եւ փոխշահավետ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի հետ երեկ Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ:

Նախարարն ընդգծել է, որ Լիբանանը արաբական աշխարհի այն պետությունն է, որի հետ Հայաստանն ունի Բարեկամության պայմանագիր:

Միշել Սլեյմանի խոսքերով` Լիբանանի ժողովուրդը առանձնահատուկ համակրանք ունի հայ ժողովրդի հանդեպ: Բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները` Լիբանանի նախագահը նշել է, որ դրանում իր զգալի ներդրումն ունի լիբանանահայ համայնքը:

Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են միջինարեւելյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում վերջին զարգացումներն ու առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները, ինչպես նաեւ Լիբանանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը Միշել Սլեյմանին է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ Հայաստան այցելելու հրավերը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Բեյրութում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի, վարչապետ Ֆուադ Սինյորայի, արտգործնախար Ֆաուզի Սալլուխի հետ:

Լիբանանի վարչապետի հետ քննարկվել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ծավալուն իրավապայմանագրային դաշտը լայն հնարավորություններ է ընձեռում գործակցության հետագա զարգացման համար, եւ կարեւորել են հայ - լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որի վերջին նիստը կայացել է 2004 թվականին:

Էդվարդ Նալբանդյանը, նշելով, որ Հայաստանում արդեն գործում են լիբանանյան ներդրումներով մոտ 50 ձեռնարկություններ, ընդգծել է նոր տնտեսական նախագծերով գոյություն ունեցող կապերի ընդլայման անհրաժեշտությունը:

Հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալլուխն ասել է, որ երկու պետությունների միջեւ ձեւավորվել են օրինակելի հարաբերություններ:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ անկախացումից ի վեր Հայաստանը քայլեր է ձեռնարկել Լիբանանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման ուղղությամբ, եւ այդ ոլորտում լուրջ ձեռքբերումներ կան, սակայն վերջին տարիներին, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, հայ - լիբանանյան հարաբերությունների զարգացումը դանդաղել է:

Զրուցակիցները պայմանավորվել են իրենց գլխավորած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների վերսկսման մասին:

Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացին, կարեւորելով ուժի կիրառման բացառումը` որպես հիմնախնդիրների արդյունավետ լուծման կարեւոր գրավական:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիս, իսկ ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարի պատվին պաշտոնական ճաշ է տրվել:

Հայաստանի արտգործնախարարը երեկ այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինին, առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդի եւ Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի հետ:

Երեկոյան տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լիբանանի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, ապա նախարարը մեկնել է Դամասկոս, ուր այսօր նախատեսված են հանդիպումներ Սիրիայի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Սիրիա այցով Հայաստանի արտգործնախարարը կամփոփի իր այցելությունը Մերձավոր Արեւելքի երկրներ, որի շրջանակներում նա այս շաբաթ եղել էր նաեւ Եգիպտոսում եւ Հորդանանում:


(Արտգործնախարարության լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Միշել Սլեյման)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG