Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը նպատակահարմար չի համարում մանդատները վայր դնելը


«Ժառանգություն» կուսակցության խորհուրդը այսօրվա նիստում ոչ նպատակահարմար է համարել Ազգային ժողովում կուսակցության խմբակցության 7 անդամների կողմից մանդատները վայր դնելը եւ կոչ է արել խմբակցության պատգամավորներին ծավալել «խորհրդարանական էլ ավելի ջանադիր գործունեություն»:

Միաժամանակ, խորհուրդն իրեն իրավունք է վերապահել վերադառնալ այս հարցին, եթե «մանդատների վայր դնելը վերջին հնարավորությունը լինի հասնելու Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատման եւ իրական բարեփոխումների իրագործման»:

«2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների արդյունքում Հայաստանում առաջացած ներհասարակական ճգնաժամը մինչ օրս ոչ միայն հաղթահարված չէ, այլեւ էլ ավելի է խորացել», - ասված է խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցության խորհրդի որոշման մեջ: - «Ներքաղաքական տագնապալի այս վիճակը եւ 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանության լեգիտիմության պակասն էապես թուլացնում են նաեւ նրա մանդատը Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում, խոցելի դարձնում հայկական կողմի դիրքորոշումն ընդհանրապես` ստիպելով գնալ միակողմանի եւ չարդարացված զիջումների: Այս ամենին ավելանում է նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների բացասական ազդեցության օրեցօր ավելացումը Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի վրա եւ դրա արդյունքում ուժգնանում է սոցիալական լարումը, որի դրսեւորումներին մենք արդեն ականատես ենք դառնում»:

Կուսակցության խորհուրդը ընդգծում է, որ «նման պայմաններում ավելի կարեւոր է դառնում երկրում օրինականության եւ արդարության հաստատման համար պայքարի համընդգրկուն եւ համալիր բնույթը, օրենսդիր մարմնում երկրի կարեւորագույն այս հարցերի շուրջ ընդդիմության դիրքորոշման պաշտպանությունը եւ տեսակետների արտահայտումը»:

«Ժառանգություն»-ը կարեւորում է նաեւ «ընտրողների ձայները պաշտպանելու գործում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներում ընդդիմության կողմից ներկայացված գոնե մեկ անդամի առկայությության անհրաժեշտությունը»:

Բացի այդ, կուսակցությունը նշում է, որ քաղաքական ներկա փուլում մանդատները վայր դնելու հնարավոր հետեւանքը կարող է լինել «քաղաքական գործընթացներում վճռորոշ փոփոխություն մտցնելու առումով ընդդիմության անխուսափելի թուլացումը»:

Ազգային ժողովի աշխատանքներին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության հետագա մասնակցության նպատակահարմարության հարցի քննարկումը «Ժառանգության»` անցած տարվա հուլիսի 11-ին կայացած համագումարը լիազորել էր կուսակցության խորհրդին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, մանդատները վայր դնելու կողմնակիցները պնդում էին, թե ընդամենը 7 անդամ ունեցող խմբակցությունը չի կարող լիարժեք օրինաստեղծ քաղաքականությամբ զբաղվել իշխանամետ մեծամասնության պայմաններում: Սակայն, ըստ Մարտիրոսյանի, «շատ հարցերում, շատ օրինագծերում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հնարավորություն են ունեցել նաեւ որոշակիորեն ազդել այդ պրոցեսներին, գումարած դրան` բազմաթիվ օրինագծերում «Ժառանգության» ուղղումները մտել են այդ օրինագծերի տեքստերի մեջ»:

Նա կարծում է, որ «Ժառանգության» մանդատների պահպանումը կարեւոր է նաեւ իշխանության հետ երկխոսության առումով. - «Ցանկացած դեպքում, եթե իշխանությունները փորձեն իսկապես երկխոսության գնալ, ինչը դեռեւս միայն բարձրաձայնում են կոչերի տեսքով, բայց գործողությունների չեն դիմում, եթե իսկապես իրենք փորձեն երկխոսության գնալ, բնականաբար, իրենց գործընկեր է պետք խորհրդարանում: Ուստի, այս առումով եւս «Ժառանգության» ներկայությունը նպատակահարմար է»:

«Ժառանգության» խորհրդի այսօրվա մեկ այլ որոշմամբ կուսակցության վարչությունը լիազորվել է «ընդդիմադիր ուժերի, ինչպեսեւ հասարակական դերակատարների լայն շրջանակների հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացնել Երեւան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության, ձեւաչափի եւ նախընտրական ցուցակի վերաբերյալ»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG