«Չնայած ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի խնդրանքով 2008 թվականի դեկտեմբերի 24-ին եւ 29-ին շրջանառության մեջ դրված երկու զեկույցներին, ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի», - ասված է հայտարարությունում: - «Համանախագահները ընդգծում են, որ հակամարտության արդար եւ հարատեւ կարգավորման առանցքային տարրը ուժի գործադրման բացառումն է»:
«Նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը օգտակար եւ կառուցողական են որակել Ցյուրիխում հունվարի 28-ին տեղի ունեցած իրենց վերջին հանդիպումը, որի ավարտին նրանք վերահաստատել են իրենց հավատարմությունը Մինսկի խմբի խաղաղ գործընթացին: Դրան հաջորդել են նախագահների հայտարարությունները, որոնցով Ալիեւը եւ Սարգսյանը իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը եւ խնդրել են համանախագահներին ակտիվացնել ջանքերը` Հիմնարար սկզբունքների շուրջ դեռեւս առկա տարաձայնությունները հաղթահարելու գործում», - ասված է հայտարարությունում:
«Համանախագահները մինչեւ փետրվարի վերջը կայցելեն տարածաշրջան` օգնելու համար կողմերին վերջնական տեսքի բերելու Հիմնարար սկզբունքները: Մինսկի խմբի համանախագահները թույլ չեն տա խաղաղության գործընթացը խոչընդոտել պատմական քննարկումներով, թեպետ նրանք շարունակելու են նրբանկատություն դրսեւորել կողմերի արտահայտած պատմական մտահոգությունների հանդեպ, որոնք պետք է պատշաճ ձեւով քննարկվեն: Համանախագահները հույս են հայտնում, որ ՄԱԿ-ում շրջանառվող վերոնշյալ երկու զեկույցները չպետք է ազդեն բանակցային գործընթացի վրա, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ քաղաքական կարգավորումն է, որին երկու նախագահներն իրենց հավատարմությունն են հայտնել 2008 թվականի նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագրով», - եզրափակել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: