Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարությունների միջեւ հուշագիր ստորագրվեց


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երեկ Վարշավայում ստորագրել են հուշագիր երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ` Եվրոպայի հետ մերձեցման բնագավառում համագործակցության վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` փաստաթղթի ստորագրմանը նախորդել է նախարարների առանձնազրույցը, ապա` ընդլայնված կազմով բանակցությունները:


Նալբանդյանը եւ Սիկորսկին կարեւորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը, քննարկել տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում գործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիների եւ մշակութային փոխանակումներ իրականացնելու վերաբերյալ:

Ողջունելով Եվրամիության Արեւելյան գործընկերության առաջարկությունը` Հայաստանի արտգործնախարարը կարեւորել է Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը եւ այդ հարցում Լեհաստանի կողմից հնարավոր աջակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:

Ընդունելով հայաստանցի գործընկերոջ հրավերը` Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ մտադիր է Հայաստան այցելել այս տարի:

Կայացել է նաեւ նախարարների համատեղ ասուլիսը, իսկ երեկոյան Ռադոսլավ Սիկորսկին պաշտոնական ճաշ է տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով է հանդես եկել Վարշավայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ, պատասխանել բազմաթիվ հարցերի:

Ղարաբաղյան գործընթացին առնչվող հարցին ի պատասխան` Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից իր իսկ ղեկավարների ստորագրած փաստաթղթերում ամրագրված դրույթների անտեսումը, շարունակվող ռազմատենչ հայտարարությունները, սպառազինությունների մրցավազքի սանձազերծումը, Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրով նախատեսված սպառազինությունների սահմանափակումների բացահայտ խախտումները, ուժի հնարավոր կիրառման արդարացման եւ հիմնավորման փորձերը, ազգային թշնամանք սերմանող քարոզչությունը ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում բանակցային գործընթացի համար, այլեւ լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ինչը պահանջում է համարժեք արձագանք միջազգային հանրության կողմից:

Այսօր նախատեսվում են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի հետ:

Երեկոյան Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Պրահա, որտեղ կհանդիպի Եվրամիությունում նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի եւ Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ:




(Լուսանկարը` արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG