ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ պաշտոնական Մոսկվայի հարաբերություններում վերջին տարիներին հստակ դրական դինամիկա է արձանագրվում: 2004 թվականին դեկտեմբերին պաշտոնական այցով Թուրքիա էր ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2006-ի ամռանն էլ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերն էր պատասխան այցով մեկնել Մոսկվա: Ռուս - թուրքական հարաբերությունները է’լ ավելի ջերմացան անցած տարվա օգոստոսին, երբ ռուս - վրացական պատերազմի օրերին Թուրքիան ոչ միայն միանշանակորեն չպաշտպանեց Վրաստանի դիրքորոշումը, այլեւ հանդես եկավ Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմ ստեղծելու առաջարկով:
Առաջիկա ժամերին Թուրքիայի նախագահը Կրեմլում կայանալիք բանակցություններից հետո իր ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ հռչակագիր է ստորագրելու, որը, ըստ լրատվամիջոցների, պետք է հստակեցնի պաշտոնական Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների հետագա հեռանկարները:
Ռուսաստանյան աղբյուրները նաեւ նշում են, որ նախագահների քննարկման առանցքային թեմաներից են լինելու տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես` սառեցված հակամարտությունների ճակատագիրը:
Երեկ թուրքական ամենաազդեցիկ պարբերականներից մեկը` «Հյուրիեթ» օրաթերթը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, թե թուրք դիվանագետների եւ անձամբ արտգործնախարար Ալի Բաբաջանի ձեռնարկած ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Նշվում էր անգամ Ղարաբաղը շրջապատող տարածքներից հայկական զորքերի դուրսբերման իբր համաձայնեցված ժամանակացույցի գոյության մասին:
Հայկական կողմը այս լուրը հերքեց դրա հրապարակումից մի քանի ժամ անց:
Երեկ երեկոյան էլ խնդրին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը: Նրա խոսքով` Թուրքիան ղարաբաղյան խնդրում միջնորդական առաքելություն չի իրականացնում: «Մենք շահագրգռված ենք հարցի լուծմամբ, սակայն ղարաբաղյան խնդրի կարգավորման թուրքական պլան` որպես այդպիսին, գոյություն չունի», - ասել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը` հավելելով. - «Բանակցությունների մասին տեղեկատվությունը թուրք դիվանագետները ստանում են հակամարտության կողմերից»:
Այսօրվա ռուս - թուրքական բանակցությունների եւս մի կարեւորագույն թեման են լինելու երկկողմ տնտեսական հարաբերությունները: 2008 թվականին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ հասել է 38 միլիարդ դոլարի:
Ռուսաստանը վերջին տարիներին դարձել է էներգակիրների թիվ մեկ մատակարարը թուրքական շուկա. այստեղ սպառվող գազի 63 եւ նավթի 29 տոկոսը ռուսաստանյան ծագում ունի:
Թուրքական ընկերությունները, իրենց հերթին, ներկայացված են Ռուսաստանում, նախ եւ առաջ` շինարարական ոլորտում. միայն Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում իրականացվող շինարարական նախագծերի վրա անցած տարի շուրջ 50 հազար թուրք շինարար էր աշխատում:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա