Մատչելիության հղումներ

Հովհաննես Հովհաննիսյան. «Եվրոպայի խորհուրդը չի դավաճանում իր սկզբունքներին»


«Եվրոպայի խորհուրդը, հիմնականում, չի դավաճանում իր սկզբունքներին, նա նորից Հայաստանի իշխանություններին պահում է իր մոնիտորինգի տակ եւ տալով ժամանակ Հայաստանի իշխանություններին` նրանցից ակնկալում է առաջընթաց», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցության առաջնորդի կարծիքով` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 1643 բանաձեւը շարունակությունն է 1609, ապա` 1620 բանաձեւերի:

Հունվարի 27-ին ընդունած 1643 բանաձեւով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշեց չկասեցնել հայաստանյան խորհրդարանական առաքելության քվեարկության իրավունքը Վեհաժողովում: Արձանագրելով, որ «մինչեւ վերջին պահը» Հայաստանի իշխանությունների կողմից մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց ազատ արձակման գործում «սահմանափակ առաջընթաց» է գրանցվել, Վեհաժողովը, միաժամանակ, փաստաթուղթը ընդունեց առանց «քաղբանտարկյալներ» ձեւակերպման, որը տեղ էր գտել դեկտեմբերին ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի հավանությանը արժանացած նախագծում:

«Ես ուզում եմ հավատալ բանականությանը, որ իշխանությունները, ի վերջո, բանական իշխանություններ են, եւ նրանք էլ են գիտակցում, որ նման մթնոլորտում, նման իրավիճակում այս երկրում հնարավոր չէ շարունակել: Իշխանությունները պատասխան են տալու եւ պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար եւ նրանք պարտավոր են քայլեր անել», - ասաց Հովհաննես Հովհաննիսյանը, ով ժամանակին գլխավորել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը:

Ընդդիմության առաջիկա քայլերին եւ իշխանության հետ երկխոսության հնարավորությանը վերաբերող հարցին Լիբերալ կուսակցության առաջնորդը արձագանքեց. - «Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց մենք ընդամենը պայմաններ ենք դնում երկխոսության: Կարեւոր պայմաններից մեկն է, որ մեր ընկերներին բանտից ազատեն, որովհետեւ նրանք արդեն մոտ մեկ տարի է անիրավ, անօրինական գտնվում են անազատության մեջ: Մեր գործողությունները նաեւ ադեկվատ կլինեն այն քայլերին, որոնք կանի իշխանությունը»:

«Ամեն դեպքում, մենք մեր պայքարը շարունակելու ենք, ամեն դեպքում, մենք պայքարելու ենք հանուն ազատության, հանուն ժողովրդավարության վերականգնման, եւ այս գործում, եթե իշխանությունը ցանկություն ունի եւ երկրի ապագան, պետության ապագան նրանց համար թանկ է եւ կարեւոր, ես կարծում եմ, նրանք այդ գործընթացում կարող են լինել մեզ նաեւ գործընկեր, եւ երկխոսությունը սկսվի եւ շարունակվի», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը` ամփոփելով. - «Հակառակ դեպքում, կխորանա այն անջրպետը, որը գոյություն ունի այսօր իշխանության եւ հասարակության միջեւ»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG