Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկեր. «Ղարաբաղյան հակամարտության լուծման լավ հնարավորություն կա»


Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծման «լավ հնարավորություն» կա, սակայն «ժամանակը սուղ է», եւ այժմ «անչափ կարեւոր է օգտվել հնարավորությունից»:

ԵԱՀԿ ԽՎ-ի նախկին նախագահ Լենմարկերը, ով նաեւ Վեհաժողովի` Վրաստանի հարցով հատուկ բանագնացն է, Հարավային Կովկաս է ժամանելու եկող շաբաթ: Հայաստանում նա կլինի փետրվարի 9-10-ը, Վրաստանում` փետրվարի 10-12-ը, իսկ Ադրբեջանում` փետրվարի 12-14-ը: Նախատեսված են հանդիպումներ երեք երկրների խորհրդարանների ղեկավարության, կառավարությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Երեւանում նախատեսված են Գորան Լենմարկերի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պատգամավորների, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

«Հուսով եմ, իմ այցի արդյունքը կլինեն դրական ազդանշանները, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման ճանապարհին է», - ասել է Լենմարկերը ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հարցազրույցում:

Վրաստանում Գորան Լենմարկերը մտադիր է ծանոթանալ փախստականների եւ տեղահանվածների վերադարձի, Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունների վերաբերյալ վրացական կողմի տեսակետներին: Նա կարեւորում է, որպեսզի ԵԱՀԿ-ն շարունակի դերակատարություն ունենալ Հարավային Օսիայում, քանի որ այնտեղ «մեծ կարիք կա անկողմնակալ միջնորդների եւ դիտորդների, ինչպիսիք են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները»:

Վրաստանում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը մեկ ամսից ավելի է չի գործում, քանի որ առաքելության մանդատը երկարաձգելու հարցում Ռուսաստանն ու Վրաստանն այդպես էլ համաձայնության չեկան:

Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանն արգելափակեց մանդատի երկարաձգումը` պահանջելով հաշվի առնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նոր կարգավիճակը, իսկ Վրաստանը չհամաձայնեց, որ ԵԱՀԿ-ն անջատողական տարածաշրջաններում առանձին առաքելություններ ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG