Մատչելիության հղումներ

«Բջնի» գործարանը գնելու հայտ չի ներկայացվել


Այսօր երեկոյան լրացավ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության` հունվարի 23-ին հայտարարած «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության հարկադիր էլեկտրոնային աճուրդի վերջնաժամկետը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակ Ռուբեն Գռձելյանը, «Բջնին» գնելու հայտ 10 օր տեւած աճուրդի ընթացքում ոչ-ոք չի ներկայացրել:

«Առաջարկ չենք ստացել աճուրդում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գռձելյանը: - «Օրենքի համապատասխան, երրորդ աշխատանքային օրը, այսինքն` փետրվարի 5-ին նշանակվելու է կրկնաճուրդ, ու լոտը կորցնելու է գնի մեջ 10 տոկոսը»:

Դեկտեմբերին հայտարարված աճուրդով վաճառքի էին հանված ընկերության` Բջնի գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշերի իրավունքը: ԴԱՀԿ ծառայությունը 6 միլիարդ 580 միլիոն դրամ (շուրջ 21,5 միլիոն դոլար) գնահատված գործարանի մեկնարկային գին էր սահմանել մոտ 5 միլիարդ դրամը, ինչը գնահատված արժեքի 75 տոկոսն է: Նույն գինը պահպանվեց նաեւ այս աճուրդի ժամանակ, սակայն յուրաքանչյուր հաջորդ աճուրդի դեպքում, եթե չհայտնվի «Բջնի»-ի գնորդ, ըստ օրենքի, սահմանված նախնական գինը 10 տոկոս նվազում կգրանցի:

Հարցին, թե ինչով է ԴԱՀԿ-ը պայմանավորում փաստը, որ երկրորդ անգամ «Բջնի»-ի գնորդ չի հայտնվում, Ռուբեն Գռձելյանը արձագանքեց, թե «ոչ մի արտառոց բան չկա». - «Շատ լոտեր հանվում են կրկնակի, եռակի եւ անգամներ աճուրդի, եւ սա նորմալ պրակտիկա է»:

Նույն հարցին «Բջնի» գործարանի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ [հնարավոր] գնորդները հաստատ որոշակի առումով ողջամտություն են ունեցել` կանխատեսելով, որ մի աճուրդ, որի հիմքում դրված են որոշակի օրենսդրական խախտումների վարկածներ, կարող են դառնալ չարիք»:

Ռուբեն Գռձելյանը ԴԱՀԿ-ի գործողությունների նման գնահատականին, բնականաբար, համաձայն չէ, եւ ասում է, թե «Բջնի»-ի հետ կապված ողջ գործընթացը իրականացվել է օրենքի տառին համապատասխան. - «Ես միայն կարող եմ նշել, որ գործընթացը ամբողջովին համապատասխանում է գործող օրենքներին, եւ նրա թափանցիկությունը նաեւ բխում է օրենքի նորմերից, եւ, իհարկե, չեմ համաձայնի, որ որեւիցե ապօրինություն է այդտեղ տեղի ունեցել»:

Նշեցնք, որ բավական մեծ հասարակական հնչեղության ստացած այս գործի վերաբերյալ օրերս մամուլին իր պարզաբանում էր ներկայացրել Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը. - «Այդ գործը, ինչպես նաեւ այլ հազարավոր կատարողական վարույթներ, ծառայությունում դիտվում են բացառապես իրավական տեսանկյունից: Ծառայության համար բացարձակ կարեւոր չէ վարույթի մասնակիցների այս կամ այն քաղաքական, հասարակական, սոցիալական պատկանելությունը: Այլ վարույթների շարքում «Բջնի»-ի գործն առանձնանում է միայն իր ծավալով»:

Հայաստանի Գլխավոր հարկադիր կատարողի այս հայտարարությունը պատասխանն էր «Բջնի» հանքային ջրերի գործարանի տնօրեն Լաերտ Հարությունյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետին, արդարադատության նախարարին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին եւ մի շարք այլ կառույցներին` հունվարի 29-ին ներկայացրած դիմում-բողոքի, որում «Բջնի»-ի տնօրենը խնդրում էր վերջիններիս օժանդակությունը գույքի «անօրինական հարկադիր աճուրդը դադարեցնելու կապակցությամբ»: Նամակում Լաերտ Հարությունյանը նաեւ առաջարկվում էր Հայաստանի պետական պաշտոնյաներից, ձեռնարկության մասնագետներից եւ միջազգային փորձագետներից կազմել աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու նամակում նշված փաստերը եւ տալու եզրակացություն:

«Բջնի» գործարանի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքով, ընկերությունը շատ խելացի առաջարկի է արել: Փաստաբանը հավելեց, որ ընկերությունը պատրաստ է «անվերապահ համաձայնել այդ հանձնաժողովի եզրակացության հետ»:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության խոսնակը, մինչդեռ, նշում է, թե «Բջնի»-ի հետ կապված ողջ գործընթացը իրավական է, իսկ աշխատանքային խումբ ստեղծելը «օրենքից դուրս նախաձեռնություն է»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG