Մատչելիության հղումներ

«7-ի գործը» հերթական անգամ հետաձգվեց


Մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիր 7 գործիչների նկատմամբ դատական նիստը այսօր ընդամենը 2,5 րոպե տեւեց: Մեղադրյալ ընդդիմադիրները կրկին չարձագանքեցին «Ոտքի՛, դատարանն է գալիս» կոչին՝ իրենց տեղում նստած մնալով:

Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը այդ քայլը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք որակեց եւ որոշում կայացրեց՝ մեղադրյալներին դահլիճից հեռացնելու եւ նիստը մինչեւ փետրվարի 12-ը հետաձգելու մասին:

Պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դատական նիստի հետաձգումը պայմանավորեց եվրոպացիներին տված խոստումով՝ առաջիկայում քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխության վերաբերյալ: 7 ընդդիմադիրներին մեղադրանքներ են ներկայացված հիշյալ հոդվածների տարբեր մասերով:

«Սա ընդամենը՝ [իշխանությունները] իբր թե քաղաքական կամքի դրսեւորում են ուզում ցույց տալ», - հայտարարեց Արսենյանը:

Այսօր դատարան էին բերվել ընդդիմության 7 մեղադրյալներից 6-ը: Պատգամավոր Հակոբ Հակոբյանը բուժում է ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

«Իմ պաշտպանյալը հիմա սիստեմայի տակ է, այդ պատճառով էլ չներկայացվեց: Նրա առողջական վիճակի հետ խնդիրներ կան եւ ես չեմ կարծում, որ հաջորդ դատական նիստին էլ լինի, որովհետեւ նրա մոտ շատ սուր վիճակ է», - տեղեկացրեց Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը:

Վատառողջ է նաեւ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով՝ պաշտպան Հովիկ Արսենյանի խոսքերով, պարբերաբար սրտի նոպաներ է ունենում: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երկու օր առաջ նամակով դիմել էր Արդարադատության նախարարին՝ պատգամավորին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու խնդրանքով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ հրավիրվել են համապատասխան մասնագետներ, ովքեր բուժզննում են անցկացրել եւ որոշել են, որ Սասուն Միքայելյանը ստացիոնար բուժման կարիք չունի, հետեւաբար՝ նրան քրեակատարողական հիմնարկից հիվանանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկա:

Հիշյալ գործով 7 ընդդիմադիր գործիչների՝ Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ են առաջադրվել: Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ:


Աստղիկ Բեդեւյան
XS
SM
MD
LG