Մատչելիության հղումներ

Լուիս Մարիա դե Պուչը Ադրբեջանին կոչ է անում վերականգնել արեւմտյան ռադիոկայանների հեռարձակումը


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը «մեկ քայլ հետ» է որակել Ադրբեջանի տարածքում արեւմտյան ռադիոկայանների եթերազրկումը` համոզմունք հայտնելով, որ ադրբեջանական իշխանությունների այդ որոշումը հակասում է Եվրախորհրդի առջեւ երկրի ստանձնած պարտավորություններին:

«2001 թվականին անդամակցելով Եվրախորհրդին` Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել ազատ խոսքի իրավունքն ու մամուլի ազատությունը, որը համարվում է ժողովրդավարական հասարակության զարգացման հիմնական պայմանը: Սակայն նման միջամտությունը բացասաբար է ազդում զանգվածային լրատվամիջոցների բնագավառում տիրող իրավիճակի վրա», - Day.az ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում ասել է Lուիս Մարիա դե Պուչը` ընդգծելով. - «Մանավանդ Ադրբեջանի նման երկրում, որտեղ մի շարք լրագրողներ ճաղերի հետեւում են եւ որտեղ մարդիկ պատասխանատվության են ենթարկվում զրպարտության մեղադրանքներով»:

Անցած տարվա դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի ազգային հեռուստառադիոխորհուրդը որոշում կայացրեց հանրային հաճախականություններով արեւմտյան ռադիոկայանների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ, եւ հունվարի 1-ից «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանները երկրի տարածքում եթերազրկված են:

«Դրանով ոտնահարվում է բազմակողմանի տեղեկատվություն ստանալու` ադրբեջանցի ժողովրդի իրավունքը», - Day.az-ին ասել է ԵԽԽՎ-ի նախագահը` Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով վերականգնել ռադիոկայանների հեռարձակումը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG