Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը դատապարտում է Մոսկվայում փաստաբանի եւ լրագրողի սպանությունը


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը այսօր դատապարտել է Մոսկվայում փաստաբան Ստանիսլավ Մարկելովի եւ լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանությունը` որպես «հարձակում Չեչնիայում մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարողների նկատմամբ»:

Տեղի ունեցածը դատապարտել է նաեւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` որակելով այն «քստմնելի հանցագործություն» եւ կոչ անելով ռուսաստանյան իշխանություններին վճռական քայլեր ձեռնարկել` ցույց տալու համար, որ նման հանցագործությունները չեն հանդուրժվելու:

Ստանիսլավ Մարկելովը կրակոցով սպանվել է երկուշաբթի օրը` Մոսկվայի կենտրոնում: Անհայտ մարդասպանի արձակած գնդակը դիպել է նաեւ փաստաբանին ուղեկցող երիտասարդ լրագրող, «Նովայա գազետա» թերթի արտահաստիքային թղթակից Անաստասիա Բաբուրովային, ով ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

Մարկելովը ընդդիմանում էր 18-ամյա չեչենուհու սպանության համար դատապարտված ռուսաստանցի սպայի վաղաժամկետ ազատ արձակմանը:

Ժամանակին փաստաբանը պաշտպանել է նաեւ սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի ընտանիքի շահերը:

Մարկելովի եւ Բաբուրովայի սպանության գործով կասկածյալներ առայժմ չկան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG