2008 թվականի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի երեք խմբակցությունները` «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «Դաշնակցություն - Շարժում 88», համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես, ասված է. - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի լիիրավ եւ ճանաչված կողմ, հակամարտության զինված փուլի հետեւանքների վերացման խնդրում շահագրգռված է այնքանով, որքանով Ադրբեջանը պատրաստակամություն կցուցաբերի ԼՂՀ փաստացի անկախությունը մեր ժողովրդի համար ընդունելի սահմաններում, անտանգության ազգային համակարգի գերակայությամբ ճանաչելու հնարավորության հարցում»:
Արման Մելիքյանի կարծիքով այս, ինչպես նաեւ նախկինում Ղարաբաղի պաշտոնատարների կողմից հնչեցված բազմաթիվ համանման հայտարարությունները «մայնդորֆյան» հռչակագրի անմիջական հետեւանքն են: Դրանով, Մելիքյանի համոզմամբ, Ղարաբաղում փորձում են հասկացնել, որ իրենք ինքնուրույն որոշումներ կայացնող կողմ են եւ տեղի չեն տա երկրի շահերին հակասող ինչ - ինչ պարտադրանքների: Սակայն, ըստ Մելիքյանի` «քանի չկա համարժեք քաղաքականություն այս հայտարարությունները մնում են որպես զուտ հայտարարություն», իսկ ղարաբաղյան կարգավորման խնդրում 2009-ին, կամ երբեւէ առաջընթաց ունենալու համար` «հայակական կողմերը պետք է ակտիվանան եւ իրականացնեն քաղաքական ծրագիր, ինչպես նաեւ փնտրեն դաշնակիցներ, որոնք անպայման կհայտնվեն, եթե նման ծրագիր հայկական կողմերը ի հայտ բերեն»:
Հարցին, թե ի՞նչն է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանականներին հարկադրել տարեվերջին հանդես գալ վերոհիշյալ հայտարարությամբ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, ում ստորագրությունը եւս դրված է հայտարարության տակ, նշեց, որ երբ ղարաբաղյան կարգավորման բանակցություններն ընթանում էին Ռոբերտ Քոչարյան - Հեյդար Ալիեւ ձեւաչափով, որոշակի դրական արդյունքներ էին գրանցվել, օրինակ` փարիզյան սկզբունքները եւ քիուեստյան պայմանավորվածությունները: Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխանություն գալուց հետո, ըստ Թովմասյանի` բանակցություններն իջան զրոյական մակարդակի:
«Իլհամ Ալիեւը ռազմատենչ հայտարարություններով իմիտացիայի է վերածել բանակցային գործընթացը», - գտնում է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավարը: - «Դեռեւս այդ ժամանակից սկսած անհրաժեշտություն առաջացավ, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին որպես հակամարտող կողմ»:
Հայտարարության մասին իր տեսակետը հայտնեց նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար, Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի նորաստեղծ խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:
Ընդհանուր առմամբ ողջունելի համարելով հայտարարությունը, Մայիլյանը նշեց. - «Վերջին ամիսներին շատ հաճախ է խոսվում եւ ակտիվացել է բանակցային գործընթացը: Ընդունվեց «մայնդորֆյան» հռչակագիրը եւ այլն... եւ այդ առումով շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղը իր տեսակետը ունենա եւ հայտարարություններով կամ այլ կերպ հանդես գա», - նշեց Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարարը:
Տիգրան Ավետիսյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)