Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպանը արտահերթ ընտրությունների կոչ է անում


Այսօր, Վրաստանի նախագահական ընտրություններից մեկ տարի անց, Թբիլիսիում կրկին խոսում են հնարավոր արտահերթ ընտրությունների մասին:

Նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների շարքում առավել հաճախ նշում են խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի եւ Միացյալ ազգերի կազմակերպությունում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի անունները:

Դեկտեմբերի սկզբին հրապարակվեց ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի հայտարարությունը` ընդդիմության շարքերը համալրելու մասին: Ավելի վաղ Նինո Բուրջանաձեն ստեղծել էր «Դեմոկրատական շարժում - Միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը:

Օրերս, հյուրընկալվելով «Ազատություն» ռադիոկայանի թբիլիսյան գրասենյակում, Ալասանիան մասնավորապես ասել է. - «Պաշտոնից հրաժարվելու եւ ակտիվ քաղաքականության մեջ ներգրավվելու որոշումը կայացրել եմ այն պատճառով, որ վերջին տարիներին իմ եւ նախագահ Սահակաշվիլիի տարաձայնություններն ավելի ու ավելի էին խորանում: Տարաձայնություններ կային, մասնավորապես, սառեցված հակամարտությունների լուծման հարցում»:

2005 թվականից Իրակլի Ալասանիան հանդիսանում էր Աբխազիայի հետ բանակցություններում Թբիլիսիի հատուկ բանագնացը:

«Այդ ժամանակ ես ականատեսը դարձա, թե ինչպես էինք մենք մեկը մյուսի ետեւից կորցնում Աբխազիայի հետ ուղղակի բանակցությունների հնարավորությունները», - հայտարարել է Ալասանիան:

Նախկին բարձրաստիճան դիվանագետը պատմում է, որ 2008-ին Սուխումը եւ Թբիլիսին պատրաստվում էին երկկողմ համաձայնագիր ստորագրել, որի համաձայն վրաց փախստականները վերադառնում էին իրենց օջախները, իսկ Վրաստանը պարտավորվում էր Աբխազիայի դեմ ուժ չկիրառել: Ըստ Ալասանիայի` այն ժամանակ համաձայնագրի կնքմանը խանգարեցին ինչպես ռուսական կողմի սադրանքները, այնպես էլ` Սահակաշվիլիի թույլ տված կոպիտ սխալները:

«Եթե այս համաձայնագիրը կնքվեր, իհարկե, հարցը վերջնականապես չէր լուծվի, սակայն հետագա ռազմական գործողությունների հնարավորությունը զգալիորեն կնվազեցվեր: Ցավոք սրտի` Սահակաշվիլիի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները մեզ շատ խանգարեցին», - ասել է Ալասանիան: - «Ավելին, կարծում եմ, որ մենք պարզապես հստակ ռազմավարական ուղենիշ չունեինք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում»:

Վրաց-ռուսական պատերազմին հետեւած խորը ճգնաժամի հաղթահարման միակ ուղին Ալասանիան համարում է նոր ընտրական օրենսգրքի հաստատումը եւ դրա հիման վրա Վրաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը: Նա նաեւ կոչ է անում ազատականացնել վրացական լրատվական դաշտը:

«Առաջնահերթ խնդիրը Վրաստանի համար` քաղաքական որոշումների կայացման հստակ մեխանիզմ ստեղծելն է: Օգոստոսյան պատերազմի ժամանակ մեր երկրի գլխավոր պրոբլեմը, իմ կարծիքով, մեկն էր` չկար որոշումների ու մոտեցումների բազմազանություն, որից նախագահ Սահակաշվիլին կարողանար ընտրություն կատարել: Նման պայմաններում սխալ ու վատ որոշումներն անխուսափելի էին», - հայտարարել է ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG