Մատչելիության հղումներ

Սկսվեց Արշակ Բանուչյանի եւ նրա աշխատակցուհիների գործով դատավարությունը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 26-ին սկսվեց Մատենադարանի փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ հիմնադրամի» գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանի եւ նրա երկու աշխատակցուհիների` Նունե Շահումյանի եւ Ռուզաննա Պողոսյանի քրեական գործով դատական նիստը, ովքեր մեղադրվում են հարկերից խուսափելու եւ վատնում կատարելու համար:

Քրեական գործը հարուցել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը` հարկային ստուգումներից հետո: Վատնում կատարելու մեղադրանքի շրջանակներում տուժող կողմ է ճանաչվել «Մատենեդարանի բարեկամներ հիմնադրամը»: Մեղադրանքի համաձայն` Բանուչյանը վատնել է «Մատենեդարանի բարեկամներ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը լուսաբանելու համար նախատեսվող ամսագրի համար տրամադրված 5 հազար դոլարի չափով գումարը: Արշակ Բանուչյանը պնդում է, որ ամսագիրը չի հրատարակվել, քանի որ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվել է, իսկ պայմանագիրը չի խզված:

Խոշոր չափով վատնում կատարելու մեղադրանքի շրջանակներում տուժողի ներկայացուցիչ էր ճանաչվել «Մատենեդարանի բարեկամներ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ, Մատենադարանի խորհրդի նախագահ Սեն Արեւշատյանը, որը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց` «տուժելու մասին հիմք չունենք խոսելու»:

«Ես կարծում եմ, որ այստեղ «Մատենեդարանի բարեկամներ» հիմնադրամը չի տուժել, հրատարակիչն էլ չի հրաժարվում` ասում է ձեռագիրը տվեք, ես կհրատարակեմ, կամ գումարը կվերադարձնեմ», - փաստեց Սեն Արեւշատյանը:

Արշակ Բանուչյանի շահերի պաշտպանը` Տիգրան Աթանեսյանը, միջնորդություն ներկայացրեց տուժողի ներկայացուցչի բացարկի վերաբերյալ: Դատավոր Ռուբեն Ափինյանը բավարարեց միջնորդությունը:

Ներկայացված երկրորդ մեղադրանքի համաձայն` Բանուչյանը վաճառել է մատենադարանի բարեկամներ հիմնադրամին նվիրաբերված 72 հազար բացիկների մի մասը եւ հարկերը չի մուծել:

Այս մասին պաշտպանական կողմի տեսակետը ներկայացրեց Տիգրան Աթանեսյանը. - «Տիգրան Մեծ տպարանը տպել է բավականին մեծ քանակի բացիկներ, որոնց մի փոքր մասը` 1000 հատը, գնել է Մագաղաթ հրատարակչությունը եւ դրել է վաճառքի»: - «Հիմա առկա է 56 հազարը, իսկ մնացածի վերաբերյալ կան փաստաթղթեր, թե ում են նվիրաբերվել», - ասաց Բանուչյանի պաշտպանը:

Այս մեղադրանքի շրջանակներում տուժող կողմ է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը, սակայն տուժողի ներկայացուցչի դատարան չներկայանալու հիմնավորմամբ` դատավոր Ափինյանը որոշեց հետաձգել դատական նիստը:

Մարտի 1-2-ի զարգացումների առնչությամբ Արշակ Բանուչյանը մարտի 23-ին ձերբակալվեց եւ 4 ամիս անցկացրեց կալանավայրում, այնուհետեւ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Բանուչյանին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 225 հոդվածով? զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու մասնակցելը, եւ 154 հոդվածով? ընտրողների կամքին բռնանալը: Հոկտեմբերին հիշյալ մեղադրանքներով Բանուչյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց «հանցագործության կատարմանը Արշակ Բանուչյանի մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG