Մատչելիության հղումներ

Ալվինա Գյուլումյան. «Ա1+»-ի գործով Եվրոդատարանի որոշման կատարմանը հետեւում է Նախարարների կոմիտեն»


Հայաստանի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած մի շարք որոշումները մեկնաբանեց Եվրոդատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա, մասնավորապես, անդրադարձավ Հայաստանի կառավարության դեմ «Ա1+» հեռուստատեսության հայցով Հայաստանի կառավարության դեմ Եվրոդատարանի կայացրած վճռին:

«Ա1+»-ը եթերազրկվել է 2002 թվականին՝ նախագահական ընտրություններից առաջ: Այս տարվա հունիսի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որոշեց, որ «Ա1+» անկախ հեռուստատեսության եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը վերաբերում է ազատ խոսքի իրավունքին: Եվրոպական դատարանի վճռով Հայաստանի կառավարությունը պետք է 10 հազար եվրո վճարեր դատական ծախսերի փոխհատուցման համար, եւ 20 հազար եվրո` որպես «Ա1+»-ին պատճառած վնասի փոխհատուցում:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե արդյո՞ք այդ գումարների վճարմամբ սպառվում են Հայաստանի կառավարության պարտավորությունները «Ա1+» hեռուստաընկերության նկատմամբ, Ալվինա Գյուլումյանը պարզաբանեց, որ վճիռ կայացնելու պահից Եվրոդատարանն այդ գործով չի զբաղվում` վճռի կատարմանը հետեւում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն:

«Մելտեքս»-ի պարագայում մենք գտել ենք, որ պետական մարմինները պատճառաբանված որոշումներ չեն կայացրել: Մենք մեր վճիռը կայացրել ենք, կատարողը Նախարարների կոմիտեն է: Մենք հանձնում ենք նրանց, եւ այդ պահից մեր լիազորությունը, այսպես ասած, վերջանում է», - ասաց Ալվինա Գյուլումյանը: - «Նախարարների կոմիտեն միայն գումարին չի հետեւում: Նախարարների կոմիտեն նաեւ մշակում է այն միջոցները, որոնք կարող են ուղղակիորեն իրավունքի վերականգնմանը հասցնել»:


Ծովինար Նազարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG