Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը շահագրգռված է ԵԱՀԿ-ի հետ գործակցության շրջանակի ընդլայնմամբ»


Հայաստանը, որպես ԵԱՀԿ-ի անդամ պետություն, շահագրգռված է ընդլայնել կազմակերպության հետ գործակցության շրջանակը` ներգրավելով նոր ոլորտներ ու խնդիրներ: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցությունը կարեւորել է, նկատի առնելով նաեւ, որ այդ կազմակերպության շրջանակում է ընթանում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը:

Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հնարավորությունների եւ հանգուցալուծման գործընթացում ԵԱՀԿ-ի դերակատարության մասին: Սերժ Սարգսյանը եւ Մարկ Պերեն դը Բրիշամբոն մեծ նշանակություն են տվել Հելսինկիում ընդունված ԵԱՀԿ-ի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարություններին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ ռազմատենչ հայտարարությունները որեւէ ձեւով չեն կարող նպաստել առկա խնդիրների կարգավորմանը, եւ օգոստոսյան իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին հակամարտությունները բռնի ուժով լուծելու վտանգավորությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին: Սերժ Սարգսյանն ասել է, որ իշխանությունները վճռական են եւ հետեւողականորեն շարունակելու են բարեփոխումները, որոնք ամրագրված են նախագահի նախընտրական ծրագրում եւ համահունչ են քաղաքական կոալիցիայի հռչակած առաջնահերթություններին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող անձանց խնդրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG