Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը վերահսկելու է «7-ի գործով» դատավարության ողջ ընթացքը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ իր գրասենյակը վերահսկողություն է իրականացնելու նաեւ «7-ի գործի» դատավարության նկատմամբ եւ նշեց, որ այս գործի քննությունը դատարանում կարող է փորձաքար դառնալ` երկրի հետագա զարգացման ճանապարհին:

«Մարտի 1-ի» գործերով մինչեւ այս պահը տեղի ունեցած դատավարությունների հանդեպ Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած վերահսկողությունը ցույց է տվել, որ մեղադրական կողմի ապացուցաղական բազան համոզիչ չի եղել:

Մոնիտորինգը նաեւ պարզել է, որ դատարանները միշտ պաշտպանել են մեղադրական կողմի մոտեցումները:

«Դատական պրոցեսին չենք ցանկանում խառնվել: Թույլ տանք, թող մեղադրական եւ պաշտպանողական կողմերը իրենց փաստարկները բերեն եւ չխառնվենք: Նոր դրանից հետո, կարծիք հայտնենք», - ասաց օմբուդսմենը` հրաժարվելով մեկնաբանել «Ազատություն» ռադիոկայանի հարցն այն մասին, թե արդյո՞ք չեն խախտվել «7-ի գործով» ամբաստանյալների իրավունքները` մասնավորապես, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատաքննության օրվա նշանակման մասին որոշում է կայացվել հենց այն օրը, երբ պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել իր միջնորդությունները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG