Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը ներկայացնում է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների իրական մոտեցումները երկրի ապագայի նկատմամբ. - «Այսօրվա Ազգային ժողովը մեծ մասամբ «պոլիփետային» է՝ երբ պետք է հանձնել ընդդիմադիր գործընկերներին կամ հաստատել նախագահի պարտադրած արտակարգ դրությունը, ներկայիս պատգամավորների մեծ մասը առաջվա կթվորուհիներից ոչնչով չի տարբերվում: Բայց, մյուս կողմից, շուկայական հարաբերություններն իրենց շտկումներն են մտցնում. այժմ մարդիկ պատգամավոր են դառնում իրենց բիզնես - շահերը պաշտպանելու համար: Օրինակ, այսօրվա խորհրդարանում առատորեն ներկայացված են օղի արտադրողները, որոնք, բնականաբար, խնդիր ունեն Նոր տարուց առաջ իրենց արաղը վաճառելու: Ահա եւ ընդունվում է օրենք, որն օղի արտադրողներին շեշտակի առավելություններ է տալիս ներմուծողների նկատմամբ»:

«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ասել է. - «Առաջին հերթին Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է կանչվեր պատասխանատվության որպես գլխավոր կազմակերպիչ։ Չեմ ասում՝ կալանավորվեր, բայց գոնե պետք է հարցաքննվեր։ Եթե դա չի արվում, ուրեմն մյուսների դեպքում էլ համարժեք վերաբերմունք պիտի դրսեւորել՝ տուգանել, կարճ ժամանակով պատժել, ոչ թե ամիսներ շարունակ պահել բանտում՝ չունենալով առարկայական փաստեր, որ նրանց հրահանգով կամ կոչով մարդ է սպանվել։ Եթե մեկը ֆաշիզմ է քարոզել եւ դրա համար կալանավորվել է, նա համարվում է քաղկալանավոր, չնայած ֆաշիզմը ամբողջ աշխարհում դատապարտվում է։ Կարծում եմ, Հայաստանը շատ արագ կարող է այդ խնդիրը լուծել, մանավանդ որ Եվրամիության ասոցացված անդամ դառնալու հարց կա։ Դա աստվածային նվեր է մեզ համար»:

«168 ժամ»-ի հետ զրուցել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Լրագրողը հարցնում է. - «Ճի՞շտ են այն լուրերը, որ Դուք ընդգրկվելու եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում»: Պատասխան. - «Իմ անձի վերաբերյալ տարբեր կեղտոտ հերյուրանքներ են տարածվում այն դեմքերի կողմից, ովքեր չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Հմայակ Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքագետների միության նախագահն է, քաղաքագետ է, որն իրենց նկատմամբ որոշակի առավելություններ ունի: Նաեւ ստելով գրել են, թե իբր ես եղել եմ «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ, այն դեպքում, երբ ես նույնիսկ այդ կուսակցության անդամ չեմ եղել: Իմ քաղաքական կենսագրության մեջ ես անդամակցել եմ ընդամենը երկու կուսակցության` ՀՅԴ-ին եւ ՀԺԿ-ին: Եվ որպեսզի վերջ տրվի այդ հերյուրանքներին, ասեմ, որ Հմայակ Հովհաննիսյանը երբեք չի եղել Կոմկուսի անդամ»:

«Հայկական ժամանակ»-ը հատվածներ է ներկայացրել «7-ի գործի» նյութերից. - «Ոստիկանության զորքերի զինծառայող Սարգիս Դավթյանի ցուցմունքում նշված է, որ երբ իրենց տարել են Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկի կամրջի վրա, եւ այնտեղ շարքով շարվել են, առջեւից իրենք են եղել, իսկ իրենց թիկունքում կանգնած են եղել ոստիկանները, եւ այդ դասավորվածությամբ իրենց հրահանգել են առաջ շարժվել դեպի բարիկադները: Իսկ երբ առաջ են շարժվել, ոստիկանները սկսել են զինվորների թիկունքից հատուկ միջոցներով` ձայնային եւ լուսային նռնակներով կրակել: Հենց այդ ժամանակ էլ Սարգիս Դավթյանը ուժեղ ձայն է լսել եւ մի պահ իրեն կորցրել է: Իսկ երբ ուշքի է եկել, նկատել է, որ ոստիկանները իրենց թիկունքից նահանջել են, եւ իրենք զինվորներով մնացել են բարիկադների ետեւը կանգնած ցուցարարների հետ դեմ հանդիման: Զինվորի ցուցմունքից բխող հետեւությունն այն է, որ ինչ-որ անձինք տասնութ տարեկան զինվորներին կանգնեցրել են առաջին գծում եւ հրահանգել գրոհել, իսկ իրենք թիկունքից կրակել են ցուցարարների վրա»:

Lragir.am-ը գրում է. - «Խնդիրն այն է, թե ինչպես անել, որ Վրաստանի մի քանի հարյուր հազար հայերն այդ երկրում դառնան կազմակերպված համայնք եւ կարողանան գործոն լինել Վրաստանի կյանքում: Ընդ որում, խոսքը բացարձակապես այն մասին չէ, որ հայերը դառնան ապակառուցողական, անջատական գործոն: Օրինակ, որեւէ այլ երկրում ազդեցիկ հայկական համայնքները ամենեւին էլ անջատական եւ ապակառուցողական չեն, որ կշիռ ունեն այդ երկրներում: Որեւէ երկրում որեւէ համայնք կշիռ է ձեռք բերում, երբ մասնակցում է այդ երկրի զարգացման գործընթացին, իրեն համարում է այդ երկրի քաղաքացի, տեր, պատասխանատու, երբ այդ երկրին որեւէ բան տալով ստանում է պահանջելու իրավունք: Եվ ընդհանրապես, վիրահայության շահերը պետք է պաշտպանել Վրաստանում, ոչ թե Հայաստանում, ուր կան մի քանի խմբեր, կուսակցությունների եւ հայրենակցական միությունների տեսքով, որոնք Հայաստանի իշխանության դեմ բարձրացնում են վիրահայության խնդիրները: Իհարկե, որեւէ կասկած չկա, որ այդ խմբերը իրենց մտահոգություններով անկեղծ են, մտածում են միայն վիրահայության մասին, մտածում են Ջավախքի մասին, ու ոչ թե դրանով Հայաստանում հետապնդում են իրենց անձնական եւ քաղաքական շահը, սակայն բանն այն է, որ այդ ամենը պետք է անել Վրաստանում, պետք է Վրաստանում կազմակերպել վիրահայությանն ու ջավախահայությանը, ոչ թե գալ ու կազմակերպվել Հայաստանում, Հայաստանի ընտրությունների ժամանակ վիրահայության եւ ջավախահայության անուններից հայտարարություններ անել, հետո մեղադրել Վրաստանի իշխանություններին հակահայ քաղաքականության համար»:

«Կապիտալ»-ը կրկին անդրադարձել է «Հայփոստի» շուրջ զարգացումներին. - «Ինչ վերաբերում է [«Հայփոստի» նախկին հավատարմագրային կառավարիչ] Հանս Բոոնի եւ [արգենտինահայ գործարար] Էդուարդո Էռնեկյանի միջեւ տարաձայնություններին, ապա, պարզվում է, դրանք հիմնականում վերաբերել են «Հայփոստի» բաժանմունքների կարգավիճակին: Ըստ Բոոնի պլանի` «Հայփոստի» բաժանմունքները պետք է դառնային նորաստեղծ «Հայփոստի» դիստրիբյուտորական կապուղիները, այնինչ Էռնեկյանը ցանկացել է «Փոստբանկի» մասնաճյուղերը տեղադրել «Հայփոստի» բաժանմունքների ներսում: Բոոնի կարծիքով` դա կհանգեցներ նրան, որ «Փոստբանկը» պարզապես ստանձներ փոստային գործառույթներ, իսկ Հայաստանը դառնար աշխարհում առաջին երկիրը, որտեղ բանկերից մեկը փոստ է առաքում կամ ստանում»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG