Մատչելիության հղումներ

Երեւանում կայացավ ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական բաղադրիչի ամրապնդման եւ զարգացման ուղիները եւ մեխանիզմներն են եղել կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի` այսօր Երեւանում կայացած հերթական նիստի հիմնական օրակարգային հարցը: Այդ մասին նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Նիստի օրակարգն այնպես էր կառուցված, որ քննարկված բոլոր հարցերը տրամաբանորեն փոխկապակցված էին, արտացոլում էին կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման ռազմավարությունն ու համարժեք էին ներկայիս իրողություններին», - ասաց Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, ընդունվել են, մասնավորապես, գործողությունների համատեղ պլանավորմանը եւ ՀԱՊԿ-ի ուժերի եւ միջոցների օպերատիվ ռազմական նախապատրաստությանը առնչվող որոշումներ:

«Մի քանի օրից Հելսինկիում տեղի է ունենալու ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաք, որի ընթացքում քննարկվելու է Եվրոպական անվտանգության նոր պայմանագրի վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունը: Ինչպե՞ս են դրան վերաբերվում ՀԱՊԿ-ի անդամ երկրները», - ի պատասխան այս հարցի` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց. - «Վերջերս մենք բարձր մակարդակով խորհրդատվություններ ենք անցկացրել Ռուսաստանի նախագահի առաջարկած այդ նախաձեռնության շուրջ: Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ բոլոր երկրներն իրենց հավանությունն են տվել նախաձեռնությանն ու պայմանավորվել, որ այն պետք է առաջ մղվի համատեղ ջանքերով»:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը անդրադարձավ ՀԱՊԿ-ի զինված ուժերի պաշտպանունակության բարձրացման հարցին:

«Անշուշտ, դա կապված է մեր բյուջեների, մեր հնարավորությունների հետ: «Ռուբեժ» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում մենք նախատեսում ենք պարբերական համատեղ վարժանքներ անցկացնել, պարբերականությունը` երկու տարին մեկ անգամ», - ասաց Սերդյուկովը:

ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն ասել է, որ, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի ղեկավար, իրեն, ընդհանուր առմամբ, գոհացնում է կազմակերպության շրջանակում գործակցության մակարդակը:

ՀԱՊԿ-ի գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմական-քաղաքական եւ ռազմական-տեխնիկական գործակցությունը, հավաքական անվտանգության ռազմական բաղադրիչի ամրապնդումը, Սերժ Սարգսյանը կարեւորել է առկա ներուժի ավելի լիարժեք ու արդյունավետ օգտագործումը: Ըստ նրա, կազմակերպության պատասխանատվության գոտում գտնվող տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակը պահանջում է ջանքերի լուրջ համատեղում եւ գործակցության մակարդակի բարձրացում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը հայտնել է, որ այս խնդիրները մտադիր է քննարկել նաեւ գործընկերների հետ` ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի դեկտեմբերին նախատեսվող նստաշրջանում:


Տիգրան Ավետիսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG