Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը կրկին բարձրաձայնում է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում կրկին բարձրաձայնեց Ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը:

Պատասխանելով Մոսկվայում նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված դեկլարացիային վերաբերող հարցին, Սահակյանը ասաց. - «Այնտեղ, որտեղ միջազգային հանրությունը, տարածաշրջանի երկրները, միջնորդները փորձում են իրենց ազդեցությունը ունենալ եւ հարցը իր տրամաբանական ավարտին հասցնել, իհարկե, ողջունելի է: Խոսքը գնում է երկխոսության մասին, եւ մենք այս տարիների ընթացքում միշտ մեր հայտարարություններում ընդգծում էին, որ անհրաժեշտ է այդպիսի երկխոսություն ծավալել, լայն երկխոսություն ծավալել: Իհարկե, յուրաքանչյուր երկխոսություն իր դրական ազդեցությունն է ունենում հարցի կարգավորման վրա, բայց մենք, միեւնույն ժամանակ, նշել ենք եւ հիմա էլ նշում ենք, որ այդ երկխոսությունը եւ բոլոր ջանքերը, որ գործադրվում են միջազգային հանրության կողմից, Մինսկի խմբի համանախագահների կողմից, եւ հատկապես այս վերջերս Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը, որը նույնպես ուղղված է այդպիսի երկխոսություն [ծավալելուն] եւ քաղաքակիրթ պայմաններում հարցին լուծում տալուն: Իհարկե, այդ ամենը ողջունելի է: Բայց մենք ավելացնում ենք, որ այդ ամենը թերի է, քանի որ չի մասնակցում հիմնական կողմը` Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը»:

Հարցին, թե ի՞նչ է արվում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, Բակո Սահակյանը պատասխանեց. - «Մենք բոլոր հանդիպումների ընթացքում, հատկապես` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, խնդրում ենք եւ, ինչու չէ` պահանջում ենք, որպեսզի նրանք իրենց լիազորությունները եւ իրավասությունները կիրառեն եւ վերականգնեն այսօր խանգարված ձեւաչափը, կյանքի կոչեն Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հանդիսանում է բանակցությունների լիարժեք կողմ: Այդ նույն քննարկումները եւ այդ նույն աշխատանքը մենք իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ նույնպես, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իր ջանքերը գործադրի վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացին: Մենք միշտ ողջունել ենք բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում, եւ այսօր էլ մենք նշում ենք, որ Մինկսի խումբը չի սպառել իրեն: Բայց նաեւ ավելացնում ենք, որ այդ աշխատանքները չեն կարող հարցին վերջնական լուծում տալ մի պարզ պատճառով` Լեռնային Ղարաբաղի հանրապետության` բանակցությունների չմասնակցելու պատճառով»:

Դիտարկմանը, որ Մոսկովյան դեկլարացիան կրկին հավաստեց, որ բանակցությունների համար հիմք պետք է ընդունվեն Մադրիդյան սկզբունքները, եւ հարցին, թե ինչպիսի առավելագույն զիջումներ են հնարավոր Ղարաբաղի կողմից, նախագահ Սահակյանը արձագանքեց. - «Ընդհանրապես մենք տեսնում ենք մեր մասնակցությունը բանակցային գործընթացում, որից հետո անդրադառնալու ենք ամբողջ փաթեթի քննարկմանը: Մենք ունենք մեր տեսակետները, բայց, զրկված լինելով բանակցություններին մասնակցությունից, իհարկե, ի վիճակի չենք այսօր մեր տեսակետները ներկայացնել: Եվ երբ խոսում ենք այս կամ այն սկզբունքների մասին, լինի դա Մադրիդյան կամ այլ սկզբունքներ, մենք գիտակցում ենք, որ բոլոր սկզբունքները պիտի համաձայնեցված լինեն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք մտածել այդ սկզբունքները կյանքի կոչելու մասին»:

Պատասխանելով ենթադրվող խաղաղապահ ուժերի կազմին վերաբերող հարցին, որը վիճահարույց է հայաստանյան քննարկումներում, Լեռնային Ղարաբաղի նախագահը ասաց. - «Ձեր բոլոր հարցերին պատասխանը լինելու է մեկը` մինչեւ չլինենք բանակցային գործընթացում կողմ, լիարժեք կողմ, այսօրվա հնչեցրած պատասխանները ինչ-որ չափով լինելու են դեկլարատիվ բնույթ կրող: Մենք խոսում ենք ձեզ հետ Արցախյան ճակատագրական հարցի մասին, եւ, ինչու չէ` հայ ժողովրդի համար ճակատագրական հարցի մասին, եւ մենք չենք կարող մեզ թույլ տալ սովորական մեկնաբանություններ հնչեցնել: Ամեն ինչ կախված է` թե երբ է վերականգնվելու բանակցային գործընթացի ձեւաչափը, եւ այդ պահից մենք կսկսենք մեր պաշտոնական տեսակետները հնչեցնել»:

Պատասխանելով փետրվարյան նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանում իրավիճակի սրմանը եւ մարտի 1-ի դեպքերին ղարաբաղյան զորամիավորումների մասնակցության մասին խոսակցություններին վերաբերող հարցին, Բակո Սահակյանը ասաց. - «Ես չեմ կարծում, որ առողջ դատողության տեր մեր հայրենակիցները կարող են իրենց թույլ տալ այդպիսի մեկնաբանություններ կատարել: Դա միանգամայն վիրավորական բնույթ է կրում մեզ համար»:


Աղասի Ենոքյան, Ստեփանակերտ - Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG