Մատչելիության հղումներ

Բարաք ու Միշել Օբաման կայցելեն Սպիտակ տուն


Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջորջ Բուշի հրավերով այսօր Սպիտակ Տանը հյուրընկալվելու են երկրի ընտրված նախագահ Բարաք Օբաման ու ապագա առաջին տիկինը` Միշել Օբաման: Նոյեմբերի 4-ի ընտրություններից հետո սա դեմոկրատ Օբամայի առաջին այցն է նախագահի նստավայր, որտեղ նա խորհրդակցելու է Ջորջ Բուշի հետ:

Հեռացող եւ ընտրված նախագահները մտադիր են քննարկել Միացյալ Նահանգների ներքին եւ արտաքին քաղաքականության հրատապ հարցերը` հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու Իրաքյան պատերազմը:

«Մենք լրջագույն տնտեսական մարտահրավերների ենք բախվել, որոնք չեն սպասելու նոր նախագահի պաշտոնավարմանը», - օրերս իր վարչակազմի հետ հանդիպմանը հայտարարել է Բուշը: - «Մենք պայքարում ենք ծայրահեղականների դեմ, որոնք փորձում են հարձակվել մեզ վրա եւ կձգտեն օգտագործել իշխանության փոխանցման այս փուլը` ամերիկյան ժողովրդին հնարավորինս վնասելու համար: Այդ պատճառով պետք է անել հնարավորը, որպեսզի իշխանության փոխանցման գործընթացը լինի հարթ եւ առանց ցնցումների»:

Բուշը խոստացավ իր պաշտոնավարման մնացած 70 օրերին ապահովել իշխանությունը հանրապետականներից դեմոկրատներին փոխանցելու խաղաղ գործընթացը եւ կոչ արեց իր անձնակազմին համագործակցել Օբամայի թիմի հետ մինչեւ հունվարի 20-ը, երբ երդմնակալության արարողությունից հետո ԱՄՆ-ի 44-րդ նախագահը կտեղափոխվի Սպիտակ տուն:

Բարաք Օբամայի համար եւս Բուշի հետ այսօրվա խորհրդակցությունը կարեւոր է` հատկապես սրվող ֆինանսական ճգնաժամի ֆոնին:

«Իմ եւ նախագահի միջեւ լինելու է առարկայական խոսակցություն», - ուրբաթ օրը հետընտրական առաջին ասուլիսում հայտարարել է Օբաման: - «Ես պատրաստվում եմ այնտեղ [Սպիտակ տուն] գնալ այն զգացումով, որ բոլորը` ինչպես նախագահը, այնպես էլ Կոնգրեսի ղեկավարները, գիտակցում են այս պահին ձեւավորված իրավիճակի լրջությունն ու ցանկանում են շտկել այն»:

«Ես գնահատում եմ Բուշի հանձնառությունն առ այն, որ նրա տնտեսական քաղաքականություն իրականացնող թիմը լիարժեքորեն տեղյակ կպահի մեզ իրադարձությունների զարգացմանը», - ասել է Օբաման:

Մինչ գործող եւ ընտրված նախագահները այսօր կքննարկեն Միացյալ Նահանգների ու աշխարհի առջեւ ծառացած լրջագույն խնդիրները, Միշել Օբաման Lորա Բուշի ուղեկցությամբ կշրջի Սպիտակ տանը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG