Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը դրական է վերաբերվում Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը»


Հայաստանը դրական է վերաբերվում Արեւելյան գործընկերության լեհ-շվեդական նախաձեռնությանը, մեծ հետաքրքրությամբ հետեւում է Եվրահանձնաժողովի կողմից առաջարկության լրամշակմանը եւ ակնկալում է մոտ ապագայում այս հարցում շահագրգիռ քննարկումներ իրականացնել գործընկեր երկրների եւ եվրոպական կառույցների հետ: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր շվեդ պաշտոնակից Կարլ Բիլդտի հետ երեկ Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ:

Կարլ Բիլդտը նշել է, որ լեհ-շվեդական առաջարկությունը ստացել է Եվրամիության աջակցությունը, եւ մոտակայում արդեն առարկայական քննարկումներ կծավալվեն այդ առնչությամբ: Նա նաեւ վստահեցրել է, որ 2009 թվականի երկրորդ կեսին` Եվրամիությունում Շվեդիայի նախագահության ժամանակահատվածում լուրջ ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններին:

Բիլդտը ընդունել է Հայաստան այցելելու` Նալբանդյանի հրավերը եւ հայտնել, որ մինչեւ Շվեդիայի կողմից Եվրամիության նախագահության ստանձնումը կայցելի Հայաստան:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը` հույս հայտնելով, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից Մոսկվայում ստորագրված հռչակագիրը հնարավորություն կստեղծի բանակցությունների ակտիվացման եւ դրանցում առաջընթաց արձանագրելու համար:

Նախարարները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների, Կովկասի տարածաշրջանի հիմնախնդիրների, այդ թվում` Հարավային Օսիայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ:

Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամլո ասուլիս:

Այնուհետեւ կայացել է Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ Ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Կեսօրին Շվեդիայի արտգործնախարարը Հայաստանի իր գործընկերոջ պատվին պաշտոնական ճաշ է տվել:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով է հանդես եկել Շվեդիայի Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտում:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Արտահանողների շվեդական խորհրդի նախագահ Ուլֆ Բերգի, Ericsson ընկերության Արեւելյան Եվրոպայի գծով տնօրեն Բյորն Հեմստադի եւ Հայաստանի ֆինասական բորսայի կառավարիչ Nasdaq OMX ֆինանսական խմբի ղեկավարության հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ուրբաթ երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է շվեդահայ համայնքի ներկայացուցիչներին:

Նոյեմբերի 7-8-ը այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը ծավալուն հարցազրույց է տվել շվեդական հեռուստատեսությանը:

(Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Կարլ Բիլդտ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG