Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի խոսքով, իրենք կմասնակցեն փաստահավաք խմբի աշխատանքին


Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ղեկավար անդամներից մեկը այսօր հայտարարեց, որ Հայաստանի առաջին նախագահի գլխավորած ընդդիմադիր շարժումը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի աշխատանքին:

«Խոսակցությունները մեզ մոտ գնում են ավելի շատ մասնակցելու ուղղությամբ: Որոշումն առայժմ չի կայացվել: Իմ կարծիքով եւ իմ շրջապատում պտտվող խոսակցությունների արդյունքում, ես կարծում եմ, մենք կմասնակցենք: Իր [հանձնաժողովի կազմավորման] թերություններով հանդերձ», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արամ Մանուկյանը:

Երեկ իշխող ՀՀԿ-ի (Հայաստանի հանրապետական կուսակցություն) փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարեց, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը ֆինանսավորվում է արեւմտյան ինչ-որ ուժերի կողմից: Այդ ուժերին ընդդիմադիր շարժման տերեր որակելով` Զոհրաբյանը կարծիք հայտնեց, թե չի բացառվում, որ հենց այդ տերերն էլ հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հանրահավաքները:

Արամ Մանուկյանն այսօր հավաստիացրեց, թե Տեր-Պետրոսյանը երբեք ոչ մեկից «քաղաքական առումով, աջակցության առումով, ֆինանսական առումով» ավանս չի վերցրել:

Արամ Մանուկյանի խոսքով, եթե Արեւելքը, Արեւմուտքը, Ռուսաստանը միլիարդներ էլ խոստանան եւ աջակցեն, դրանից երբեք Տեր-Պետրոսյանը եւ Կոնգրեսը չեն օգտվի, քանի որ դա հանգեցնում է կախվածության:

Խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին` Արամ Մանուկյանն ասաց, թե տեղի է ունեցել միջազգային կառույցների եւ գերտերությունների կարծիքների մոտեցում, եթե ոչ ներդաշնակեցում. - «Ղարաբաղի հարցի արագ լուծում` ընդհանուր կոնտեքստի մեջ»:

«Ղարաբաղի հարցը այսօր չի լուծվելու որպես միայն Ղարաբաղի հարց», - շարունակեց նա: - «Ղարաբաղի հարցը այսօր լուծվելու է Հարավային Կովկասում եւ ամբողջ տարածաշրջանում ընթացող բոլոր պրոցեսների ենթատեքստում: Հնարավորինս քչացել է Հայաստանի իշխանությունների դերը որպես խաղացող, որպես գործոն, որը կարող է իր ազդեցությունը ունենալ կոնֆլիկտի լուծման վրա»:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG