Մատչելիության հղումներ

Վենետիկի hանձնաժողով. «Օմբուդսմանի հաստատությունը պետք է օժտված լինի անձեռնմխելիությամբ»


Եթե տվյալ հասարակությունում կա մի որեւէ հաստատություն, որը օժտված է անձեռնմխելիության սկզբունքով, ապա Օմբուդսմանի հաստատությունը, անկասկած, պետք է լինի դրանցից մեկը: Այդ մասին ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում առաջարկված փոփոխությունների վերաբերյալ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում:

Այս տարվա հունիսին Հայաստանի արդարադատության նախարարության առաջարկած օրինագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու խնդրանքով հուլիսի 1-ին Վենետիկի հանձնաժողով էր դիմել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Արդարադատության նախարարությունն առաջարկել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին զրկել իրենց պարտականությունները իրականացնելիս անձեռնմխելիության իրավունքից օգտվելու հնարավորությունից` հիմնավորելով դա Հայաստանին GRECO-ի («Ընդդեմ կոռուպցիայի երկրների խումբ») ներկայացրած պահանջներով:

Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` հոկտեմբերի 17-18-ը կայացած լիագումար նիստում Վենետիկի հանձնաժողովը հաստատել է կարծիք հիշյալ օրինագծի վերաբերյալ:

Համաձայն այդ կարծիքի, մասնավորապես, «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անձեռնմխելիության սկզբունքը` ներառյալ նրա աշխատակազմը, այս հաստատության գործունեության անկախության գլխավոր երաշխիքներից է, որը նրան հնարավորություն է ընձեռում իրականացնել իր առանձնահատուկ դերը օրենքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական հասարակություններում»:

«Քանի որ Օմբուդսմանի առջեւ դրված խնդիրներից մեկը հանդիսանում է հատուկ տեսակի քննություն անցկացնելը, որը հաճախ հանգեցնում է իշխանությունների սուր քննադատությանը` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դառնում է քաղաքական եւ այլ շահերից բխող հարձակումների հավանական թիրախը», - ընդգծել է Վենետիկի հանձնաժողովը` եզրակացնելով. - «GRECO-ի փորձը Հիմնարար սկզբունքներին համապատասխանելիության հարցում, ինչպես նաեւ իր զեկույցները Հայաստանի մասով համահունչ չեն առաջարկվող փոփոխությանը, որով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կզրկվի իր գործնական անձեռնմխելիությունից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ընդգրկված չէ այն դասակարգման մեջ, որի անձեռնմխելիությունը GRECO-ն համարում է խնդրահարույց: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պատկանում է այն «արդարացված պետական մարմինների» թվին, որոնք պետք է օժտված լինեն անձեռնմխելիությամբ` ելնելով հաստատության հստակ առանձնահատկություններից եւ իրականացվող գործառույթներից»:

«Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությանը եւ դրանից բխող անձեռնմխելիությամբ օժտված անձանց շրջանակի սահմանափակման անհրաժեշտությանը, Օմբուդսմանի հաստատության անկախության ապահովման անհրաժեշտությունը հանդիսանում է լուրջ հիմնավորում Օմբուդսմանի աշխատակազմի ներկայիս անձեռնմխելիության պահպանման համար», - ամփոփում է Վենետիկի հանձնաժողովը:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը դեռ քննարկվելու է կառավարությունում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG