Մատչելիության հղումներ

Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման


Նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին Երեւանի քրեական դատարանը այսօր դատապարտեց 5 տարվա ազատազրկման եւ 900 հազար դրամ տուգանքի:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան մեղավոր ճանաչեց սառը զենք կրելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:

Մինչ դատավճռի ընթերցումը Մուշեղ Սաղաթելյանը ասաց, որ էական չէ, թե քանի տարվա ազատազրկման կդատապարտեն իրեն, միեւնույն է` այդ վճիռը անարդար է լինելու:

«Իմ դատավճիռը չեն կարդալու` իրենց դատավճիռն են կարդալու», - դատարանի դահլիճում հայտարարեց Սաղաթելյանը:

Նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այս գործը ծայրից ծայր քաղաքականացված էր, եւ այն ցույց տվեց, որ Մուշեղ Սաղաթելյանին իր քաղաքական դիրքորոշման համար ուղղակի չեն ներել:

«Բոլորս էլ գիտենք, որ ենթատեքստը բացարձակապես վերաբերում է հանրահավաքներին մասնակցելուն եւ այն հալածանքին, որին ենթարկվեցին մասսայաբար Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Սա բացարձակապես քրեական դատի խնդիր չէր, սա քաղաքականացված գործ է. մարդուն չներեցին, որ իրենցից չէ, մարդուն չներեցին, որ իրենց չի ենթարկվել, մարդուն չներեցին իր համարձակ լինելու համար», - հայտարարեց փաստաբանը:

Նախորդ` հոկտեմբերի 21-ի դատական նիստում մեղադրողը պահանջել էր Սաղաթելյանին ազատազրկման ենթարկել 7 տարի ժամկետով:

Նույն նիստում Սեդա Սաֆարյանը հանդես էր եկել պաշտպանական ճառով, համաձայն որի` դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար չեն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հաստատելու համար: Պաշտպանի պնդմամբ` դատաքննության ընթացքում պաշտպանական եւ մեղադրական կողմերի համար հավասար պայմաններ չեն ստեղծվել, նախաքննությունն ընթացել է Քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով, իսկ մեղադրանքները, որոնք հիմնված են միայն ոստիկանների ցուցմունքների վրա, արժանահավատ չեն:

«Գտնում եմ, որ դատարանը պետք է Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ կայացնի երեք հոդվածներով էլ արդարացման դատավճիռ` ապացուցված չհամարելով նրան առաջադրված մեղադրանքը», - հայտարարել էր փաստաբանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG