Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանյան մի շարք թերթեր անդրադարձել են ոստիկանության կողմից լրագրողների հանդեպ բռնարարքներին:

«Առավոտ»-ը գրում է. - «Ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը մտադիր է դիմել ե’ւ Ալիկ Սարգսյանին, ե’ւ Աղվան Հովսեփյանին` հոկտեմբերի 15-ին ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող խաղաղ երթը լուսաբանելու ընթացքում իր նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնարարքին իրավական գնահատական տալու համար: Գագիկ Շամշյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի փոխոստիկանապետ, գնդապետ Արայիկ Պետրոսյանին եւ նույն բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Արման Սահակյանին` նշված օրը իր մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու, իրեն սեռական հայհոյանքներ տալու, նաեւ ոտքով հարվածելու փաստի առիթով: Հիշեցնենք նաեւ, որ մասնավորապես Արման Սահակյանը երթի մասնակիցների ներկայությամբ թքել էր ֆոտոթղթակցի վրա ու սպառնացել` «դու քո հալը կտենաս»:

Իսկ «Չորրորդ իշխանություն»-ը տպագրել է իր թղթակից Գոհար Վեզիրյանի դիմում-միջնորդությունը. - «2007 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 19:00-ի սահմաններում, երբ ես, որպես թղթակից, հանրությանն իրազեկելու նպատակով երթ կատարող անձանց հետ անցնում էի Երեւան քաղաքի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի աջ մայթի հատվածով, այնտեղ ժամանեցին ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության մի քանի տասնյակ աշխատակիցներ եւ պահանջեցին դադարեցնել երթն ու անմիջապես ֆիզիկական ուժի գործադրմամբ մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել: Իմ այն հարցմանը, թե ինչ իրավական հիմքով են այդպես վարվում ոստիկանական ստորաբաժանումները, հետեւեց Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ վաշտի հրամանատար Արայիկ Պետրոսյանի կողմից իմ նկատմամբ բռնություն` ֆիզիկական ուժի գործադրումը, որից հետո նա ինձ հրեց, եւ ես վայր ընկա: Միաժամանակ միջնորդում եմ, որ քրեական գործին կցվի իմ կողմից ուղարկվող տեսաերիզը, որը ապացուցում է Արայիկ Պետրոսյանի կողմից կատարած հանցանքը: Տեսաերիզում երեւում է, որ իմ նկատմամբ մեկ այլ ոստիկան` ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի ներկայությամբ հատուկ միջոց գազ է գործադրել»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Վերցնենք տականքներին, որոնք տեսախցիկով նկարահանել էին կենդանիների նախապես պատրաստած ծնոտն ու լեզուն եւ ստացած կադրերից սարսափի ֆիլմ մոնտաժել մարտի 1-2-ի իրադարձությունների մասին։ Եվ որ ամենանողկալին է. տականքները ոչ միայն պարզապես նկարահանել էին խոճկորի ծնոտն ու փորձել ներկայացնել իբրեւ մարդկային, այլեւ առավելագույն հավաստիության համար ենթարկել դա համապատասխան մշակման։ Այժմ հարց. մի՞թե այս անգամ էլ են տականքները մնալու անպատիժ։ Հարցն այս, թեպետ, հռետորական է։ Զվարճալի եւ գորովաշարժ է՝ հետեւել, թե որքան վստահաբար է համալրվում հայրենի գարշանքների կատալոգը։ Սրանց ձեռքերը ավելի շատ են, քան հնդկական Շիվա աստծունը, եւ բոլոր ձեռքերով, առանց շեղվելու, սարքում են մի կեղծվածքը մյուսի հետեւից։ Եվ ոչ ոք ոչ մի անգամ չփորձեց բռնել այդ ձեռքերից գոնե մեկը»։

«Իրավունք»-ին հարցազրույց է տվել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Սաֆարյանը, որը թերահավատորեն է վերաբերվում հանձնաժողովին: Լրագրողը հարցնում է. - «Այդ դեպքում ինչո՞ւ եք մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին»: «Շատ պարզ պատճառով. ունեմ կուսակցական հանձնարարություն: Իմ կուսակցության նախագահը հանձնարարել է ինձ` գալ եւ մասնակցել այս հանձնաժողովի նիստերին: Ես կատարում եմ իմ կուսակցական պարտականությունը», - պատասխանում է Սաֆարյանը: «Միայն խոճկորի ծնոտի վիդեոկադրերը հանձնաժողովում քննարկելուց հետո իրավապահ մարմինները հիշեցին, որ պետք է ցուցմունք վերցնեն «Ա1+»-ի օպերատորից: Այդպիսի գործելաոճն ի՞նչ է նշանակում», - այս հարցին Արամ Սաֆարյանը արձագանքում է. - «Ինձ դուր չի եկել, որ հանձնաժողովի հետ աշխատում է ոչ թե արմատական ընդդիմությունը` որպես քաղաքական ուժ, այլ առանձին հատուկենտ լրագրողներ ընդդիմադիր թերթերից: Այսպիսով` մեր հանձնաժողովի դերը նսեմացնելու փորձ է արվել: Անհատ լրագրողը գալիս եւ ասում է, թե սա մարդու ծնոտ է, փորձագետն էլ ասում է, թե խոճկորի ծնոտ է: Եթե հասարակության մեջ կա անհանգստություն, թե փորձագետը ճիշտ չի ասում, մեր հանձնաժողովը հենց դրա համար է, որ ցրի հասարակության այդ մասի կասկածներն ու տագնապները: Դրա համար ես համոզված եմ, որ պետք է տալ արտաքին փորձաքննության: Եթե պետք է ուղարկել արտասահման, ուրեմն` պետք է ուղարկվի: Ամենամասնագիտացված օղակներին պետք է տալ այդ ամեն ինչը եւ նրանցից գնահատական ստանալ: Դրա համար ժամանակ է պետք»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG