Մատչելիության հղումներ

Ռուս - վրացական բանակցությունները մեկ ամսով հետաձգվեցին


Վրաստանի խորհրդարանը այսօր արտահերթ նիստ կգումարի` քննարկելու «օկուպացված տարածքների»` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վերաբերյալ օրինագիծը, ինչպես նաեւ այդ շրջաններում արտակարգ դրության ժամկետը երկարացնելու հարցը:

«Դեռեւս հիմքեր չկան կարծելու, որ ռուսական զորքերը մտադիր են լքել այդ տարածքները», - նախօրեին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:

Ակնկալվում էր, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը թուլացնելու հիմքեր կստեղծվեն երեկ Ժնեւում նախատեսված բանակցությունների ընթացքում, որոնք նախաձեռնել էին Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը: Չնայած միջնորդների ջանքերին` օգոստոսյան պատերազմից հետո կողմերի միջեւ ծրագրված առաջին դեմ առ դեմ հանդիպումն այդպես էլ չկայացավ:

Արեւմտյան լրատվամիջոցները պնդում են, թե ռուսական պատվիրակությունը բանակցություններին ժամանել է շուրջ մեկ ժամ ուշացումով. պաշտոնական Մոսկվային, մասնավորապես, դուր չէր եկել այն հանգամանքը, որ միջնորդները սահմանափակել էին բանակցություններին աբխազական եւ հարավօսական պատվիրակությունների մասնակցությունը: Մինչդեռ պաշտոնական Թբիլիսիին ընդհանրապես դեմ էր արտահայտվում Ցխինվալիի եւ Սուխումիի ներկայությանը:

«Երբ մենք խոսում ենք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչների մասին, պետք է հաշվի առնենք, որ Աբխազիայի բնակչությունը ժամանակին կազմում էր 600 հազար մարդ: Իսկ որքա՞ն է մնացել` 80 հազար: Որտե՞ղ են մնացածները` դուրս են շպրտվել: Այսպիսով, երբ խոսում ենք ներկայացուցիչների մասին, ապա պետք է նկատի ունենանք բոլոր համայնքները, նաեւ նրանց, որոնք հեռացել են կամ բռնի տեղահանվել», - Բրյուսելում ունեցած ելույթում պարզաբանել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ պնդել, որ պաշտոնական Թբիլիսին անջատողական շրջանների հետ բանակցություններ կվարի միայն այն դեպքում, երբ այնտեղից հեռանան ռուսական զորամիավորումները:

Պաշտոնական Մոսկվան էլ, իր հերթին, պնդում էր, թե առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բանակցություններին չի մասնակցի:

Փոխադարձաբար ներկայացված այս վերջնագրերն էլ, ըստ էության, տապալեցին միջազգային միջնորդների նախաձեռնած հանդիպումը:

Եվրամիության բանագնացը հայտարարել է, որ «ընթացակարգային բարդությունների պատճառով» Ռուսաստան - Վրաստան բանակցությունները մեկ ամսով հետաձգվում են:

Օրեր առաջ փորձագետներն ու դիվանագետները կանխատեսում էին, որ բանակցությունների մեկնարկը հեշտ չի լինելու, իսկ գործընթացը բավական երկար է տեւելու:

«Ակնկալում եմ, որ բանակցությունները կընթանան մի քանի փուլով, որոնք կշարունակվեն երկու-երեք ամիս: Որոշ արդյունքներ կարող ենք տեսնել դեկտեմբերին, կամ գուցե ավելի շուտ` նոյեմբերին», - մասնավորապես, կանխատեսում է վրաց հայտնի քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG