Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Սարգիս Հացպանյանը, որին իշխանությունները ցանկանում են դեպորտ անել, երեկ «ՀԺ»-ին ասել է, թե բենզինը կլցնի, կվառի իրեն, բայց Հայաստանը չի լքի: Հացպանյանի տունը նախօրեից շրջափակած ոստիկաները չեն հեռացել անգամ այն բանից հետո, երբ այնտեղ գտնվող ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վերցրել է ոստիկանության բերած ծանուցագիրը եւ հանձնել Հացպանյանին, ով ստորագրել է, որ այսօր ժամը 16-ին կլինի ոստիկանությունում»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Խայթել հհշական թափթփուկը նույնպես արդեն չի կարողանում, բայց բզզալ... Աստվա՛ծ իմ, ի՜նչ կատաղի են նրանք բզզում, պարզապես ապշել կարելի է։ Բայց բզզում են մի տեսակ միապաղաղ, միեւնույն թեմայի շուրջ. մարտի 1-ին արյան մեջ կորած Երեւան, ոտքի տակ խրթխրթացող մարդկային ոսկորներ»։ Թերթը շարունակում է. - «Ուզո՞ւմ ես ապացուցել լեւոնիզմի իդեալներին նվիրվածությունդ. հորինիր ու տիրաժավորիր ամենաանհավանական ու հրեշավոր սուտը, ցույց տուր, որ հեշտությամբ պատրաստ ես հրաժարվել մարդկային արժանապատվությունից։ Ասա, օրինակ, թե ոստիկանության հետ «խաղաղ միտինգավորների» բախման արդյունքում փողոցում թափված էին... մարդկային ծնոտներ ու լեզուներ... Իսկ երբ փորձաքննությունը պարզեց, որ այդ ոսկորները չեն պատկանում մարդկանց, այլ կոպիտ կեղծարարություն են, տիեզերացունց ոռնոց ու վայնասուն բարձրացավ։ Այնինչ, աղավնյակներս, գիտությանը հարկ է վստահել, միայն նա կարող է բացահայտել ճշմարտությունը»։

«Չորրորդ իշխանություն»-ը նույն մարտի 1-ի մասին գրում է. - «Մարտի 1-ի գործով կալանավորվածները, ըստ էության, ոչ թե քաղբանտարկյալներ են, այլ` ռազմագերիներ: Իսկ ռազմագերիները, որպես կանոն, ազատ են արձակվում կա’մ պատերազմի ավարտից հետո, կա’մ նրանց ազատագրում են: Եթե Սերժ Սարգսյանը որոշեց համաներում չկիրառել, դա միայն մի բան է նշանակում` պատերազմը չի ավարտվել: Այսինքն` Համաժողովրդական շարժումը շարունակում է պայքարը, եւ պատերազմի ելքն ամենեւին էլ կանխորոշված չէ, ինչպես փորձում են ներկայացնել ռեժիմի սպասարկուները»:

«Երկիր»-ը հարցազրույց է տպագրել էՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: Հարցին, թե թուրք պաշտոնյաները վերջերս ակնարկել են, որ եթե հայերը հայտարարեն, թե Ցեղասպանության ճանաչման համատեքստում Թուրքիային տարածքային պահանջներ չեն առաջադրվելու, հարցի բարոյական կողմը կարելի է բավարարել, Մանոյանը պատասխանել է. - «Հայաստանի Հանրապետության իրավասությունները տարածքային առումով Ցեղասպանության ճանաչումով չեն պայմանավորված: Դրանք ամրագրված են Սեւրի դաշնագրով եւ իրավական ակտով, երբ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը գծեց Հայաստանի սահմանները: Այդ ժամանակ Ցեղասպանությունն արդեն տեղի էր ունեցել: Երբ նախագահ Քոչարյանը, իսկ վերջերս` նաեւ Սերժ Սարգսյանը հայտարարեցին, թե Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից ինքնաբերաբար չի բերելու տարածքային պահանջների, դա ճիշտ է: Որովհետեւ Ցեղասպանության միջազգային կոնվենցիան ընդունվել է 1945-ին, գործողության մեջ է դրվել 1951-ին, բայց մենք դրանից առաջ էլ տարածքային իրավունքներ ունեինք: Այսինքն` ցանկացած դեպքում մենք կարող ենք արծարծել դա կամ առնվազն չհրաժարվել դրանից»:

«Առավոտ»-ը ծննդյան օրվա կապակցությամբ հարցազրույց է տպագրել «քաղկալանավոր» Աշոտ Զաքարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Կարծում եք՝ ընդդիմությունն ամեն ի՞նչ է ճիշտ արել երկրում սահմանադրական կարգ եւ օրինականություն վերահաստատելու ուղղությամբ, արդյոք սխալներ չե՞ն եղել»: Զաքարյանը պատասխանում է. - «Չեմ կարծում, թե Շարժումը սխալներ է թույլ տվել: Իշխանություն կոչվածը բոլոր դեպքերում ամեն կերպ փորձելու էր վերարտադրվել: Դրա արդյունքում կեղծվեցին փետրվարի 19-ի ընտրությունները, տեղի ունեցավ մարտի 1-ի առավոտյան ցուցարարների, բառիս բուն իմաստով, կոտորածը, դրա արդյունքում տեղի ունեցան մարտի 1-ի երեկոյան իրադարձությունները: Կարծում եմ, Շարժման ընտրած մարտավարությունը ճիշտ էր: Մենք Հայաստանում իշխանափոխության փորձելու ենք հասնել միմիայն օրինական ճանապարհով: Այլընտրանք չկա, որովհետեւ այլ ճանապարհներով իշխանության եկածը այլ ճանապարհով էլ հեռանալու էր»:

«Իրավունք»-ի զրուցակիցը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն է: Լրագրողի դիտարկմանը, որ մինչեւ հիմա Լեւոն Տեր-Պերտոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն կանչվել հանձնաժողով, Նիկոյանը արձագանքում է. - «ՀՀՇ-ի Գեւորիկին ուղարկելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց վիրավորել մեզ, բայց հարց է, թե այդ վիրավորանքն ում էր ուղղված. մե՞նք վիրավորվեցինք, թե՞ ինքը դրանից ավելի խոցելի դարձավ: Այդ դառը փորձը մեզ ցույց տվեց հետեւյալը. քանի որ հանձնաժողովը չունի պարտադրանքի իրավունք, որպեսզի բերման ենթարկի քաղաքացիներին, ուստի ձեռնպահ մնաց նաեւ Ռոբերտ Քոչարյանին հրավիրելուց: Պարզապես հանձնաժողովը հույսը դնում է նրանց քաղաքացիական դիրքորոշումների վրա. եթե իրենք ասելիք ունեն, ապա հանձնաժողովը, կարծում եմ` նաեւ հասարակությունը ուրախ կլինի, որ նրանց լսի»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG