Մատչելիության հղումներ

«Մրցունակությունը հայաստանյան ընկերությունների առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներից մեկն է»


Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է Մրցունակության համաշխարհային զեկույցը, որում Հայաստանը 97-րդ տեղում է (134 երկրների թվում): Անցած տարվա զեկույցում Հայաստանը 131 երկրներից 93-րդն էր:

Հայաստանի հարեւաններից ե’ւ Ադրբեջանը` զբաղեցնելով 69-րդ տեղը, ե’ւ Վրաստանը` 90-րդ տեղով, Հայաստանից ավելի մրցունակ են ճանաչվել: ԱՊՀ-ի տարածքում մրցունակության առաջատարը Ռուսաստանն է, որն ընդհանուր սանդղակում զբաղեցնում է 51-րդ տեղը (անցած տարվա 58-րդ տեղի դիմաց):

Մրցունակության առումով իրենց առաջատար դիրքերը պահպանել են Միացյալ Նահանգները, Շվեյցարիան, Դանիան եւ Շվեդիան:

Հայաստանի վայրէջքը վելուծաբանները մեծ փոփոխություն չեն համարում:

«Ի վերջո, ավելացել է նաեւ դիտարկվող երկրների քանակը», - բացատրում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

Մրցունակության համաթիվը հիմնվում է ավելի քան 110 գործոնների գնահատականների վրա, իսկ դրանք էլ, իրենց հերթին, տեղաբաշխվում են 12 հենասյուներում: Ուստի այս համաթիվը համապարփակ եւ հիմնարար ախտանիշային գործիք է համարվում եւ բարձր հեղինակություն է վայելում աշխարհում:

«Երկրները ընդհանրապես դասակարգվում են ըստ զարգացման փուլերի: Երեք փուլ է առանձնացվում», - ասաց Հերգնյանը` մանրամասելով. - «Դա ռեսուրսների վրա հիմնված փուլն է, արդյունավետության վրա հիմնված փուլն է եւ երրորդը նորարարությունների վրա հիմնված փուլն է»:

Հայաստանը ռեսուրսների վրա հիմնված փուլից մտել է անցումային փուլ, որից հետո կկարողանա տեղափոխվել երկրորդ` ավելի բարենպաստ երկրների շարքը, որոնք հիմնված են արդյունավետության վրա:

Իսկ երրորդ փուլի` նորարարության հետ Հայաստանի տնտեսությունը դեռեւս լուրջ խնդիրներ ունի:

«Նորարարության 120-րդ տեղը, գործարարության կատարելագործվածության 106-րդ տեղը հետընթաց է 12 տեղով», - ներկայացրեց Մանուկ Հերգնյանը` շարունակելով. - «Եթե Հայաստանը բավական լավ դիրքեր ուներ անցյալ տարի մակրոտնտեսական ցուցանիշներով` 57-րդ տեղը զբաղեցնելով աշխարհում, ապա այս տարի 83-րդ տեղում է»:

Համեմատաբար լավ դիրքերում են աշխատուժի շուկայի արդյունավետության պարամետրերը` 45-րդ տեղ, բարելավված դիրքեր են արձանագրվում ֆինանսական շուկայի, առողջապահության, կրթության կատարելագործման առումով:

Կան նաեւ քաղաքական պատճառներ. զեկույցը ընդգրկում է անցած տարին եւ այս տարվա առաջին 4 ամիսները, այդ թվում` մարտիմեկյան իրադարձությունները: Սակայն հետազոտության հեղինակները այդ իրադարձությունների սրությունն ամբողջությամբ չեն արտացոլել զեկույցում. հիմնական հետազոտությունը մարտից տեղափոխել են ապրիլ` ընկալումների համաչափությունը պահպանելու նպատակով:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG