Մատչելիության հղումներ

Եվրամիության դիտորդները սկսում են իրենց առաքելությունը Վրաստանում


Եվրամիության անդամ երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ այսօրվանից Վրաստանում սկսում են իրենց դիտորդական առաքելությունը:

Համաձայն սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջեւ ձեռք բերված համաձայնության` եվրոպական դիտորդները պետք է մինչեւ հոկտեմբերի 10-ը տեղակայվեն Աբխազիային եւ Հարավային Օսիային հարակից անվտանգության գոտիներում, իսկ ռուսական զորքը տվյալ ժամանակամիջոցում պետք է ամբողջությամբ դուրս բերվի այդ տարածքներից:

Եվրամիության դիտորդների առաքելության ժամկետը սահմանված է 12 ամիս` մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 20-ը: Առաքելության կենտրոնական շտաբը կտեղակայվի Թբիլիսիում, իսկ բաժանմունքները գործելու են Գորիում, Զուգդիդիում եւ Փոթիում:

Դիտորդները պետք է հետեւեն, որպեսզի կողմերը լիարժեք իրականացնեն Մեդվեդեւ-Սարկոզի խաղաղ համաձայնագրի 6 կետերը` մասնավորապես, ռուսական զորքը դուրս բերվի Վրաստանի ամբողջ տարածքից եւ ապահովվի ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձը:

«Ես շատ հուսով եմ, որ մինչեւ ռուսական զինված ուժերը մինչեւ հոկտեմբերի 10-ը դուրս կբերվեն: Դա սահմանված է համաձայնագրում, եւ մենք շատ կցանկանայինք տեսնել, որ դա արվում է», - երեկ երեկոյան Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան` կրկին ընդգծելով, որ Եվրամիությունը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Առայժմ, սակայն, հայտնի չէ` արդյոք ռուսական զորքերը դուրս կբերվե՞ն Աբխազիային եւ Հարավային Օսիային հարակից «բուֆերային գոտիներից»: Հայտնի չէ նաեւ` արդյոք եվրոպացի դիտորդներին կհաջողվի՞ աշխատել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում. պաշտոնական Մոսկվան, Սուխումին եւ Ցխինվալին ընդդիմանում են դրան` պնդելով, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի տարածքները չեն, եւ անհրաժեշտ է ստանալ անկախություն հռչակած այդ հանրապետությունների ղեկավարների համաձայնությունը:

Մինչդեռ պաշտոնական Թբիլիսին, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի հետ ստորագրված փաստաթուղթը, պնդում է, որ Եվրամիությունն ունի Վրաստանի անջատողական տարածաշրջաններում առաքելություն իրականացնելու իրավունք:

Առաքելության անձնակազմը համալրել են Եվրամիության անդամ 22 երկրներ: Ամենաշատ դիտորդներ գործուղել են Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան եւ Շվեդիան:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG