Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ հարուցեց երեք շուկաներում


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօրվա արտահերթ նիստում վարույթ է հարուցել ավիավառելիքի, ցորենի ալյուրի եւ բրնձի շուկաներում գների չհիմնավորված պահպանման կամ բարձրացման հնարավոր փաստերի առիթով:

Հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի համաձայն` ցորենի ալյուրի իրացման գների դինամիկան ոչ համարժեք է միջազգային շուկայի գների դինամիկային: Շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Սալեքս Գրուփ» եւ «Մանանա Գրեյն» ընկերությունները: Հանձնաժողովը ցորենի ալյուրի շուկայում հակամրցակցային համաձայնության երեւույթներ էր արձանագրել դեռեւս հուլիսի 22-ին եւ նախազգուշացրել էր տնտեսվարողներին` զերծ մնալ հակամրցակցային համաձայնություններից:

Օգոստոսին Վրաստանում ստեղծված պատերազմական իրավիճակի պատճառով հայաստանյան շուկայի համար ֆորս-մաժորային վիճակ ստեղծվեց եւ բեռներն ընդհանրապես Հայաստան հասցնելու հետ կապված խնդիրներ առաջացան, ինչով պայմանավորված` հանձնաժողովը հետաձգել էր վարույթի հարուցման որոշումը: Իրավիճակի կայունացումից հետո, սակայն, հայաստանյան շուկայում գների իջեցումը, նախնական գնահատականով, համարժեք չէ միջազգային շուկայում ցորենի ալյուրի գնանկմանը:

Հանձնաժողովի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` մոնիտորինգը գների բարձրացում է արձանագրել բրնձի շուկայում: Տվյալ շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Կարի Թով» եւ «Մոկոնաթ» ընկերությունները, որոնք գրավում են շուկայի 59.6 տոկոսը: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան շուկայում բրնձի թանկացումը համատարած բնույթ է կրում, հանձնաժողովի հարուցած վարույթը կընդգրկի շուկայի առնվազն 90 տոկոսը գրավող տնտեսվարող սուբյեկտների վարքագծի ուսումնասիրությունը:

Մեկ այլ որոշմամբ վարույթ է հարուցվել ավիավառելիքի շուկայում գների ուսումնասիրության նպատակով, քանի որ միջազգային շուկայում ավիավառելիքի գնանկում է արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG