Մատչելիության հղումներ

Ալի Բաբաջան. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լավ հարաբերությունների դեպքում ցեղասպանության բանաձեւեր չեն ընդունվի»


Եթե Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն եւ լավ հարաբերություններ ունենան, այլ երկրները կդադարեն ընդունել Օսմանյան Թուրքիային Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրող բանաձեւեր: Երեկ իր հեռուստատեսային հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության վկայությամբ, Բաբաջանը նշել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` շաբաթ օրը Երեւան կատարած այցից հետո երկու երկրները սկսել են ջանքեր գործադրել առկա տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ:

«Եթե մեզ հաջողվի արագ առաջընթաց արձանագրել խնդիրների լուծմանն ուղղված մեր նախաձեռնությունում, ապա կարիք չի լինի, որպեսզի այդ խնդիրները քննարկի որեւէ երրորդ երկրի խորհրդարան: Մենք կարող ենք նրանց ասել. - «Ձեր գործերով զբաղվեք: Հայաստանը եւ Թուրքիան իրար հետ լավ լեզու են գտնում», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նա հրաժարվել է նշել, թե ո՞ր խնդիրներին են երկու երկրների կառավարությունները անդրադառնալու առաջին հերթին` վստահեցնելով, որ քննարկման առարկա պետք է դառնան բոլոր խնդիրները:

«Երկու կողմում էլ լուծում գտնելու քաղաքական կամք կա», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալությունը, հաղորդում են, որ երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հեռախոսազրույցում Բաբաջանը տեղեկատվություն է ներկայացրել Թուրքիայի նախագահի Հայաստան այցի մասին: Նա հայտարարել է, որ Թուրքիան սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը, եւ վստահություն է հայտնել, որ հակամարտության կարգավորումը ազդեցություն կունենա հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման վրա:

Նույն աղբյուրի վկայությամբ` Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է այդ ուղղությամբ Թուրքիայի գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG