Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայտնի՞ է, թե մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի ժամանակ ո՞ւմ արարքներն են հանգեցրել զոհերի», - «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին Հայաստանի հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ, մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների առիթով հարուցված քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պատասխանել է. - «Այդ մասով նախաքննությունը շարունակվում է: Նշանակված փորձաքննությունները չեն ավարտվել, դրանք բավական ծավալուն, բարդ փորձաքննություններ են, բավական մեծ քանակության համադրման, ստուգման, հետազոտման ենթակա օբյեկտներ կան: Քննության տվյալների արդյունքում կփորձենք որոշակի գործողությունների, արարքների վերաբերյալ գնահատականներ տալ, նաեւ` ոստիկանության աշխատակիցների մասով»:

«Ես չեմ կարող ապացուցել, որեւէ հիմնավորում չունեմ, բայց ե'ւ ես, ե'ւ մեր աշխատողները ներքին համոզմունք ունենք, որ մարտի 1-ից հետո ինչ-որ ժամանակահատվածում մեզ էլ են գաղտնալսել», - «168 ժամ»-ի թղթակցին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Հարցին, թե որքանո՞վ է օրինական Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի` փետրվարի 19-ին կայացրած որոշումը Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու մասին, մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է. - «Օրենքի տեսակետից որեւէ խախտում չկա: Երեւույթը, սակայն, մտահոգիչ է իրավունքի տեսանկյունից: Հատկապես, եթե հետագայում պարզվի, որ ոչ միայն Ալեքսանդր Արզումանյանի, այլ շատ ընդդիմադիրների հեռախոսներն էլ են լսել»: «Սա ցույց կտա, որ վարչական ռեսուրսը, ըստ էության, կիրառվել է ընդդիմադիր գործիչների նկատմամբ», - կասկած է հայտնում մարդու իրավունքների պաշտպանն ու նշում. - «Վատն այն է, որ ամեն ինչ կարելի է օրենքի տառի տակ հարմարեցնել եւ հիմնավորել, բայց փաստացիորեն պարզվի, որ այդ լծակն օգտագործվում է այլակարծության դեմ: Այստեղ, ըստ էության տոտալիտարիզմի էլեմենտ կա»:

«Առավոտ»-ը «Հիմարի տեղ դնելու արվեստը» վերնագրված խմբագրականում գրում է. - «Ամենավատ բանը, որ կարող են անել ցանկացած երկրի իշխանություններ` մարդկանց հիմարի տեղ դնելն է… Այս տարվա մարտի 1-ին, առավոտյան ժամը 6-ին ոստիկանները, Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, գնացել էին Ազատության հրապարակ` այնտեղ գտնվող մարդկանց բռնի ուժով տեղահան անելու նպատակով: Ի՞նչ իմաստ ուներ ամիսներ շարունակ ձեւեր թափել ու պնդել, որ ոստիկանները գնացել էին «տեղազննության»` «ապօրինի զենք առգրավելու նպատակով»: Ավելի հարմար չէ՞ր ասել ճշմարտությունը: Մի մասը կողջուներ նախկին նախագահի նման որոշումը, մի մասը անտարբեր կմնար, մեծամասնությունը կդատապարտեր, բայց ոչ ոք չէր կարող ասել, որ հասարակությանը դնում են ավանակի տեղ»: «Առավոտ»-ի խմբագրի հաջորդ օրինակը վերաբերում է վերջերս տարածված տեսագրությանը, որ կատարվել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում. - «Տեսանյութում պարզորոշ երեւում է, թե ինչպես է ազատազրկվածներից մեկը ենթարկվում ամենադաժան խոշտանգումների, ընդ որում խոշտանգողները չեն էլ թաքցնում իրենց դեմքերը… Եվ ահա արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ սույն տեսագրության հետ կապված կատարվել է քննություն եւ պարզվել է, որ հանցակազմ չկա»: «Այսինքն ինձ կոչ են անում չհավատալ սեփական աչքերիս», - եզրահանգում է «Առավոտ»-ի խմբագիրը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» շարժումը միասնական կուսակցության վերածելու հնարավոր հեռանկարին, ասել է. - «Չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվի մինչեւ վերջ իրականացնել այդ տրանսֆորմացիան: Կոնգրեսին միացած ոչ բոլոր կուսակցություններն են հիացած այդ գաղափարով… Շատ շուտով ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանը կլքի ՀՀՇ-ական միությունը: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու ՀԺԿ-ն գաղափարական ընդհանրություններ ունեն, այդ ուժերն արդեն մեկ անգամ միեւնույն միավորման մեջ եղել են, ինչն էլ հույս է տալիս ինձ կարծելու, որ մոտ ապագայում ՀԴԿ-ի եւ ՀԺԿ-ի ճանապարհները կհամընկնեն»:

«Հայաստանի Հանրապետության ամենակոռումպացված պաշտոնյան» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մաքսային պետական կոմիտեում ավարտվել է «թափանցիկ» աշխատելու միամսյակը, եւ կոռուպցիայի դեմ «հուժկու պայքարի» շրջանն այլեւս հետեւում է: Մաքսային կոմիտեն, որը բարեշրջումների իմիտացիա էր անում, արդեն ավելի քան մեկ շաբաթ է` կրկին անցել է իր նախկին աշխատաոճին»: Իշխանական, ինչպես նաեւ մաքսային պետական կոմիտեի «հավաստի աղբյուրներին» հղում անելով` հոդվածագիրը ներկայացնում է ոլորտում կատարվող մեքենայությունները: Թերթը հրապարակել է նաեւ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար, իսկ վերջերս արդեն Պետեկամուտների նորաստեղծ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ունեցվածքի ցանկը: «Տարբեր հաշվարկներով», - գրում է «Հայկական ժամանակ»-ը, - «ՀՀ գլխավոր մաքսավորի ունեցվածքը հասնում է մոտ 60 միլիոն դոլլարի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG