Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը ՀԱՊԿ-ին առաջարկում է ընդհանուր դիրքորոշում ձեւակերպել հարավօսական իրադարձությունների առնչությամբ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շաբաթավերջին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում ընդհանուր դիրքորոշում ձեւակերպեն Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` այդ առաջարկը Ռուսաստանի նախագահն արել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր Սոչիում կայացած հանդիպման ժամանակ:

«Մենք ձեզ հետ կքննարկենք ՀԱՊԿ-ի ձեւաչափով նախնական աշխատանքը, վերջնական դիրքորոշումը կձեւակերպենք Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում», - ասել է Մեդվեդեւը, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը իր համաձայնությունն է հայտնել:

Մի քանի օրից Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ-ի նախագահությունը:

Հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով Ռուսաստանի քաղաքացիների մահվան կապակցությամբ:

«Ցանկանում եմ մեկ անգամ եւս ցավակցություն հայտնել Ռուսաստանի քաղաքացիների եւ խաղաղապահների զոհվելու կապակցությամբ: Ցավում եմ, որ իրադարձությունները ծավալվեցին նման ձեւով, եւ ցանկանում եմ, որպեսզի հետեւանքները հնարավորինս արագ վերացվեն», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել դպրոցականների Հարավային Օսիայից, եւ Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել մարդասիրական օժանդակության համար:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով Երեւանում է կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների սեպտեմբերի 3-ին կայանալիք նիստի կապակցությամբ, այսօր հույս է հայտնել, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները Հարավային Օսիայի եւ Աբխազիայի առնչությամբ Ռուսաստանի գործողությունները սատարող գնահատականներ կարտահայտեն եւ հայտարարությամբ հանդես կգան:

Բորդյուժան նաեւ կարծիք է հայտնել, թե «Վրաստանի գործողությունները Հարավային Օսիային մղում են հավաքական անվտանգության համակարգ», եւ հավելել, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անդամակցությունը ՀԱՊԿ-ին այդ հանրապետությունների «ինքնիշխան իրավունքը եւ ինքնիշխան գործն է»:

«Ամեն դեպքում, Հարավային Օսիան եւ Աբխազիան չեն կարող հաջողությամբ, կայուն զարգանալ առանց հավաքական անվտանգության համակարգի, առանց այլ պետությունների աջակցության», - հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG