Մատչելիության հղումներ

Վրաստանից Հայաստան առաջին հերթին տեղափոխվում են հացահատիկն ու հեղուկ վառելիքը


Բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր ընկերություններից մեկը` «Ապավեն»-ը, ներկայումս կատարում է նաեւ Հայաստանի կառավարության հանձնարարությունները: Ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ առաջին հերթին զբաղվում են հացահատիկի եւ հեղուկ վառելիքի տեղափոխմամբ:

«Վառելիքը առաջնայինն է, այդ իսկ պատճառով մոբիլիզացվել են լուրջ ուժեր», - ասաց նա` մանրամասնելով. - «Ավտոշարասյուն է կազմվել 39 մեքենայից, ուղեկցում են 5 ոստիկանական ավտոմեքենաներ, տեխնիկական սպասարկման ավտոմեքենաներ, երկու բուժօգնության մեքենա»:

Աղաջանյանի փոխանցմամբ, շարասյունը Երեւանից դուրս է եկել երեկ երեկոյան եւ նույն օրը ավելի ուշ արդեն հասել էր վրացական Ախալցխա. - «Սահմանում ոչ մի բարդություն չի եղել... Այսօր առավոտյանը շարասյունը Ախացխայից շարժվել է Բաթումիի ուղղությամբ: Բաթումիի նավթային տերմինալում գտնվում է 1800 տոննա բենզին: Մեր խնդիրը այդ բենզինը տեղափոխելն է»:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կիրակի օրը Հայաստանից մասնագետներ են մեկնել` մասնակցելու Գորիի մոտ պայթեցված կամուրջի վերանորոգման աշխատանքներին:

Նախարարությունից տեղեկացրին նաեւ, որ անցած գիշեր Սադախլոյի անցակետից Հայաստան է տեղափոխվել 4 երկաթուղային վագոն ցորեն:

Բաթումիի նավահանգստում այս պահին կա Հայաստան տեղափոխվելիք 72 վագոն տարբեր կարգի բեռ, այդ թվում` հեղուկ վառելիք: Երեւանից արդեն դուրս է եկել երկրորդ ավտոշարասյունը, որը նույնպես հետ կվերադառնա հեղուկ վառելիքով:

Ցորենի տեղափոխման հարցում առաջացել են որոշակի բարդություններ, քանի որ բեռը նախատեսվում էր ներկրել երկաթուղային վագոններով, որոնցից բեռնատար ցորենի տեղափոխումը որոշակի ժամանակ է պահանջում:

Գագիկ Աղաջանյանի խոսքով, սակայն, ցորենի տեղափոխման հետ կապված իրենք «որեւէ խնդիր» չեն տեսնում. - «Համապատասխան տրանսպորտային միջոցները արդեն պատրաստ են, եւ մենք այսօր եւեթ անհրաժեշտության դեպքում կարող ենք երկու շարասյուն մեկ օրվա ընթացքում հանել»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG