Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյան. «Ամենավտանգավոր եւ անհեռատես բանը, որ կարող ենք անել` բարեփոխումների իմիտացիան է»


«Հայ հանրությունն այսօր երկընտրանքի առջեւ է` կամ զարգացնել եւ ուժեղացնել ժողովրդավարական արժեքներն ու հաստատությունները երկրում, կամ էլ ամրապնդել ավտորիտար միտումները իշխանության ներսում` այդպիսով է’լ ավելի խորացնելով այն անջրպետը, որ առկա է իշխանավորների եւ հանրության մեծամասնության միջեւ», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կայքէջի համար պատրաստած մեկնաբանության մեջ նշում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Անդրադառնալով մարտի 1-ից հետո ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղիներին` օմբուդսմենն ընդգծում է. - «Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որտեղ կառավարական պաշտոնյաները հաշվետու կլինեն հանրության առջեւ, եւ որտեղ ուժեղ ընդդիմությունը կկարողանա ազատորեն գործել` ստիպված չլինելով փողոց դուրս գալ: Պետք է բարեփոխել ընտրական օրենսդրությունը, երաշխավորել էլեկտրոնային լրատվամիջոցների բազմակարծությունն ու անկողմնակալությունը, վերացնել տնտեսական մենաշնորհները` որպես առաջին քայլ կառավարության օլիգարխիկ համակարգի կազմալուծմանն ընդառաջ: Այսպես գործելով կնվազի հասարակությունում առկա բեւեռացումը, որը պարարտ հող է ստեղծում քաղաքական ծայրահեղականության համար: Ամենավտանգավոր եւ անհեռատես բանը, որ կարող ենք անել` բարեփոխումների իմիտացիան է»:

Մարդու իրավունքների պաշտպանն իր մեկնաբանության մեջ մի շարք պատճառներ է մատնանշում, որոնք, ըստ նրա, հանգեցրել են առկա ճգնաժամին. - «Իմ կարծիքով, հայաստանյան վերջին զարգացումները, մասնավորապես` այն ճնշումները, որ հետեւեցին փետրվարի 19-ի ընտրություններին, պայմանավորված էին կառավարման կոշտ համակարգով, իշխանության գերկենտրոնացմամբ, հակակշիռների եւ զսպումների արհեստական համակարգով, սոցիալական եւ տնտեսական բեւեռացմամբ, իշխանության եւ գործարար աշխարհի միաձուլմամբ, իշխանավորների նկատմամբ հանրային վերահսկողության, ինչպես նաեւ քաղաքացիական ազատությունների բացակայությամբ: Այս ամենի արդյունքում հասարակության մի մեծ հատվածը օտարված է կառավարությունից, զգացվում է վստահության համատարած բացակայությունը` հանրային հաստատությունների, ընտրական մեխանիզմների, արդարադատության համակարգի եւ լրատվամիջոցների նկատմամբ», - գրում է Արմեն Հարությունյանը` հատուկ անդրադառնալով դատական եւ իրավապահ համակարգում տիրող կացությանը:

«Իմ ղեկավարած գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստանում այն մասին, որ գլխավոր դատախազությունը պահանջում է կասկածյալներին նախաքննական կալանքի տակ պահել նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ազատության մեջ գտնվելու հանգամանքը որեւէ կերպ չի կարող ազդել տվյալ քրեական գործի նախաքննության արդյունքների վրա: Սա անընդունելի պրակտիկա է, որը մենք որպես ժառանգություն ստացել ենք քրեական իրավունքի խորհրդային համակարգից», - պնդում է օմբուդսմենը: Նրա խոսքով` հայաստանյան դատական համակարգի գլխավոր պրոբլեմներից մեկը երկակի ստանդարտների, ինչպես նաեւ արդարադատության ընտրովի կիրառման փաստերն են:

«Վերլուծելով մեզ ուղարկված բողոքները` մենք հանգել ենք եզրակացության, որ դատավորները շատ հաճախ պարտադիր պատժի կիրառման իրենց իրավունքից պարզապես խուսափում են` այն դեպքերում, երբ մեղադրյալի դերում է պետական կառույցը կամ որեւէ պաշտոնյա: Դատավճիռների 80 տոկոսը, երբ մեղավոր է ճանաչվել քաղաքապետը, մարզպետը կամ ոստիկանության սպան` կամ ընդհանրապես չեն կիրառվել, կամ էլ կյանքի են կոչվել զգալի ուշացումով», - գրում է մարդու իրավունքների պաշտպանը:

Արմեն Հարությունյանի պնդմամբ` երկրի առջեւ ծառացած մյուս կարեւորագույն խնդիրը գործարար աշխարհի եւ քաղաքական դաշտի տարանջատման անհրաժեշտությունն է:

«Բիզնեսը եւ քաղաքականությունը միաձուլվել են մի առանձին խմբի մեջ, որտեղ նույն մարդիկ գործում են ե’ւ որպես գործարարներ, ե’ւ որպես քաղաքական ու պետական գործիչներ: Գործարարները բավականաչափ հզորություն են ձեռք բերել` հրապարակային քաղաքականության վրա ազդեցություն ունենալու համար: Նրանք թե’ իրենց անձնական կապերն են օգտագործում եւ թե’ հաջողությամբ պաշտպանում են անձնական շահերը` լոբբիստական գործունեության միջոցով: Սրան զուգահեռ` օլիգարխիկ այս խմբերից դուրս գտնվողները զուրկ են տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու որեւէ հնարավորությունից, ինչը, իր հերթին, հանգեցնում է եկամուտների անհամաչափ բաշխման ու խոչընդոտում միջին խավի ձեւավորմանը, խավ, որ կարող էր պետության կայունության սոցիալական բազա դառնալ», - գրում է Արմեն Հարությունյանը:

Այս պայմաններում, ըստ օմբուդսմենի, առաջնային է դառնում Հայաստանի բոլոր քաղաքացիների ունեցած իրավունքների եւ պարտականությունների հստակ տարանջատումը:

«Հայաստանում առկա այս բոլոր բացասական երեւույթներն ընդգծում են ժողովրդավարության հիմնարար սկզբունքը` չկա իրավունք առանց պատասխանատվության եւ չկա պատասխանատվություն առանց իրավունքի», - գրում է օմբուդսմենը` հավելելով. - «Այսօր Հայաստանում իրավունքները կենտրոնացել են մարդկանց փոքր խմբի ձեռքում, իսկ պատասխանատվությունը հանրության մեծամասնության ուսերին է»:

Ստեղծված իրավիճակում, ըստ Արմեն Հարությունյանի, մարդու իրավունքների պաշտպանի դերը խիստ կարեւոր է, թեեւ մյուս հետխորհրդային պետությունների նման` Հայաստանում էլ օմբուդսմենի ինստիտուտը հեռու է կայացած համարվելուց:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG