Մատչելիության հղումներ

Վահե Շահվերդյանը պաշտոնանկ է արվելու


Օգոստոսի 15-ից Վահե Շահվերդյանը այլեւս չի զբաղեցնի Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարելով այդ մասին, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հավելեց, որ օգոստոսի 15-ին արձակուրդից վերադառնալուց հետո Շահվերդյանը, ի թիվս այլ ռեժիսորների, ներկայացումներ կբեմադրի մայր թատրոնի բեմում:

Պողոսյանը ասաց, որ իրենց նպատակը Սունդուկյանի անվան թատրոնը «ազատ բեմահարթակ» դարձնելն է. - «Մենք ասում ենք, որ այնտեղ զուգահեռաբար պետք է մտնեն մեր լավագույն ռեժիսորները… Այսինքն, ոչ թե մի մարդու գեղագիտությամբ լինի թատրոնը, այլ զուգահեռ մտնեն միառժամանակ, մինչեւ հասկացվի, թե այդ թատրոնը ինչ, ի վերջո, ճակատագիր է ունենալու»:

«Որովհետեւ այսօր», - փաստարկեց նախարարը, - «օրինակ, վեց ներկայացումներից 2007 թվականին 4 ներկայացումը դրվել է Շահվերդյան ազգանունի տակ»:

Հասմիկ Պողոսյանը ասաց, որ թատրոնը չի զրկվելու գեղարվեստական ղեկավարից. - «Ինքը [թատրոնը] իր համար պետք է որոշի` ով է լինելու իր գեղարվեստական ղեկավարը: Մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի իրավահավասար սկզբունքներով ռեժիսորները այդ թատրոնում աշխատեն»:

Նախարարը դժգոհ է Սունդուկյանի անվան թատրոնում գործող գեղարվեստական խորհրդից. - «Լինո՞ւմ է գեղարվեստական խորհուրդ, որ ամբողջովին իրենց կազմով է լինում... Իրենք իրենց գնահատում են»:

Հասմիկ Պողոսյանը ասաց, որ առաջիկայում ստեղծվելու է նոր գեղարվեստական խորհուրդ:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG